Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-09-2018
«Սասնա ծռերը»՝ մայր թատրոնի բեմում
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է հայկական ժողովրդական էպոսը՝ «Սասնա ծռերը»:

Սեպտեմբերի 27-ին մայր թատրոնում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան:

«Մայր թատրոնում կա ստեղծագործական մթնոլորտ, որը քեզ միշտ առաջ է տանում»,- ասում է «Սասնա ծռեր» ներկայացման բեմադրության հեղինակ Սամսոն Մովսեսյանը: 

Բեմադրության հիմքում «Սասնա ծռեր» էպոսն է: Գեղարվեստական ղեկավարն Արմեն Էլբակյանն է:

«Ներկայացումը թատրոնի կապիտալն է եւ հարստությունը: Մենք առաջին անգամ փորձ ենք անում բեմականացնել հայ ազգային էպոսը, ինչը բավական խիզախ քայլ է: Բազմիցս ասել եմ, որ մեր՝ Արմեն Էլբակյան եւ Վարդան Մկրտչյան կառավարման քաղաքականության մեջ դրված հիմնական նպատակներից մեկը թատրոնը, թատերարվեստը մոտ եւ գրավիչ դարձնելն է հատկապես երիտասարդների համար: Ուստի այս պատասխանատու գործը հանձնեցինք Սամսոն Մովսեսյանին: Հետաքրքիր ներկայացում է ստացվել՝ նոր մոտեցումներով եւ սկզբունքներով: Լիահույս եմ, որ մեր հանդիսատեսը կսիրի այն»,- ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: 

Քանի որ մայր թատրոնում կա երիտասարդական դերասանական մեծ խումբ, ներկայացման հիմնական դերաբաշխումն արվել է հենց այդ շրջանակում: Հրավիրվել է նաեւ Խորեն Լեւոնյանը: 

««Սասնա ծռերում» թատրոնի երիտասարդ ուժերն են՝ մեր երիտասարդ դերասանները: Սա երիտասարդական  ներկայացում է: Կան նաեւ հրավիրված դերասաններ, որոնք արդեն ընդգրկվել են մեր կազմում: Սամսոն Մովսեսյանն իրականացրել է իր տեսիլքը, թե ինչպես է նա այսօր տեսնում «Սասնա ծռերը»: Կարծում եմ, որ որքան շատ տարբեր ռեժիսորներ բեմադրություններ անեն մեր թատրոնում, բերեն իրենց գեղարվեստական մտածողությունը, այնքան ավելի կհարստանա, կամրանա եւ կուժեղանա մեր թատերախումբը, եւ ավելի բազմերանգ կլինեն թե՛ խաղացանկը, թե՛ դերասանների խաղն ու փորձառությունը»,- կարեւորեց Արմեն Էլբակյանը:

Էպոսի լեզվի կառուցվածքը եւ հանգավորումը հիմնականում պահպանվել են, սակայն որոշ բառեր փոխարինվել են հոմանիշներով, որոնք այսօրվա հանդիսատեսին առավել հասկանալի են: 

««Սասնա ծռեր» էպոսը յուրաքանչյուրիս մասին է: Կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ աշխարհում, ում չվերաբերի այն պատմությունը, որը մենք ներկայացնելու ենք բեմից»,- ասաց Սամսոն Մովսեսյանը:

Պատկերասրահ՝ Պրեմիերա․ «Սասնա ծռեր»