Ինչպես գրել գիտական հոդված

Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր տարբեր պարբերականների միջոցով տեղեկություններ է ստանում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Եվ շատ հաճախ մեր ընթերցածը մենք բնորոշում ենք որպես հոդված, անգամ՝ ֆեյսբուքյան գրառումը: Սակայն հոդված ասվածն այլ է, առավել եւս՝ գիտական հոդվածը: Ցանկացած գիտական հոդված՝ սկսած գաղափարից մինչեւ ավարտ, ունի յուրահատուկ գրելաոճ եւ մոտեցում:
Գիտականորեն ուսումնասիրել նշանակում է որոնողական աշխատանք, գիտական կանխատեսում իրականացնել՝ հիմնավորմամբ, ինչպես նաեւ կշռադատված հաշվարկել, լինել գիտականորեն օբյեկտիվ:
Գիտական հետազոտությամբ բավարար չէ միայն հաստատել գիտական նոր փաստ, այլ կարեւոր է դրան տալ գիտական բացատրություն, ցույց տալ դրա ճանաչողական, տեսական կամ գործնական նշանակությունը: Գիտականորեն ուսումնասիրելը նշանակում է պատճառական կապեր փնտրել, գտնել ուսումնասիրվող երեւույթների, փաստերի եւ իրադարձությունների միջեւ:
Գիտական հետազոտությունների ուղղությունները
Ժամանակակից գիտական հետազոտություններն իրականացվում են 3 հիմնական ուղղությամբ.
1. Ֆունդամենտալ (արմատական) գիտական հետազոտություններ. իրականացվում է խորը եւ բազմակողմանի հետազոտություն,
2. Կիրառական գիտական հետազոտություններ. օգտագործում են ֆունդամենտալ գիտության ձեռքբերումները՝ գործնական հարցերին լուծում տալու համար,
3. Գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական մշակումներ. գիտությունը միանում է արտադրությանը՝ դրանով ապահովելով այդ նախագծերի ինչպես գիտական, այնպես էլ տեխնիկական եւ ինժեներական մշակումները։
Գիտական հոդված գրելու համար կարեւոր է պահպանել մի շարք կանոններ, այսպես ասած, գիտական հոդվածի բանաձեւը. հետազոտության արդիականության ձեւակերպում, նպատակ, վարկած ու դրանցից բխող խնդիրներ: Սրանք այն հիմնական եւ կարեւոր քայլերն են, որոնք շղթայական պետք է կիրառել գիտական հոդված գրելու ժամանակ:
Ընթացիկ աշխատանքների ժամանակ շատ կարեւոր են աղբյուրներից ճիշտ օգտվելն ու հեղինակային իրավունքի պահպանումը, քանի որ դրանք փաստում են ձեր գրագետ աշխատելու մասին:
Իրականացված վերլուծությունները հավելյալ ստուգման կարիք կունենան, ինչից չպետք է խուսափել: Ձեր աշխատանքն առավել մատչելի դարձնելու համար լավ կլինի տեքստը համեմել տեղեկատվություն պարունակող պատկերներով, դիագրամներով, ինֆոգրաֆիկաներով, աղյուսակներով:
Աշխատանքի թերեւս ամենակարեւոր հատվածը վերջաբանն է, որն ամփոփում է ձեր կատարած ամբողջ աշխատանքը: Վերջաբանն ինքնին պետք է իրենից ներկայացնի ձեր առաջ քաշած փաստարկների ու փաստերի եզրակացությունները: Դրանք ձեւավորվում են ստացված արդյունքների հիման վրա: Ընդ որում՝ շատ կարեւոր է, որ դրանք շարադրված լինեն թեզերով՝ ունենալով հիմնավորում:
Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ խուսափել ավելորդ բառերից, արտահայտություններից, հատկապես եթե դրանք պարունակում են հուզականություն: Հուզական խոսքերի կիրառությունը գիտական հոդվածների համար չէ: Գիտական հոդվածը պետք է շարադրված լինի հստակ, հասկանալի, մատչելի եւ դիպուկ:
Հայաստանում գիտական հոդվածներ հրապարակվում են տարբեր պարբերականներում՝ «Գիտական հոդվածների ժողովածու», «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» եւ այլն:
Վերջին շրջանում շատ են հատկապես երիտասարդ հեղինակները, ովքեր իրենց ուսումը շարունակում են ասպիրանտուրայում: Ուսումնառության ընթացքում երիտասարդ հեղինակները դառնում են մինչեւ 10 եւ ավելի գիտական հոդվածի հեղինակ՝ այդպիսով հարստացնելով գիտական հետազոտությունների շտեմարանը: