Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-09-2018
ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես եկավ «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը:
Իրադարձությունը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին: Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) համերգային երեկոյին հանդես եկավ դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ): 

«Նվագախումբն ունի միջազգային բարձր մակարդակ, եւ ինձ համար մեծ պատիվ է ամեն անգամ նվագախմբի հետ Հայաստանում հանդես գալը, քանի որ տեղի ունկնդիրը շատ յուրօրինակ է, եւ ամեն մի արտիստ, որը Հայաստանից դուրս է աշխատում ու վերադառնում է Հայաստան, հուզմունքով է ելույթ ունենում այստեղ: Ինձ համար այսօր այդպիսի օր է: Դիրիժորի համար մեծ պատիվ է բացել նվագախմբի համերգաշրջանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Դուրգարյանը:

«Վիվալդիի «Տարվա եղանակները» համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, որի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Այն ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը»,- խոսելով Վիվալդիի գործի մասին` նշում է Նիկոլայ Մադոյանը: «Գինեսի» ռեկորդակիր ջութակահարը փաստում է`բազմիցս համագործակցել է Կամերային նվագախմբի հետ, անգամ տարիներ առաջ ներկայացրել են նույն ստեղծագործությունը: 

Հավելենք, որ բացի այդ գործից՝ համերգին հնչեցին նաեւ Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»: Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում` ջերմ ծափահարությունների ներքո: Նիկոլայ Մադոյանն էլ երկու «բիս» հնչեցրեց:

Պատկերասրահ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացումը