Նյութը՝ Ալինա Ստեփանյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-09-2018
«Emily and Mommy»-ի «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսը՝ Երեւանում
Համացանցում արդեն հայտնի գերմանաբնակ Մերի Սարիկյանը, այժմ Հայաստանում է նոր ասելիքով։

Սեպտեմբերի 29-ին կկայանա նրա առաջին՝ «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսը։ Այս հայալեզու գիրքն իր տեսակով եզակի է՝ հղիության եւ մայրության մասին է՝ մինչեւ երեխայի տասն ամսականը ներառյալ:

Հիշեցնենք՝ մեր հայրենակցուհին, 2017-ին Գերմանիայում մասնակցելով Մանհայմի «Ծնողների դպրոց»-ի մրցույթին, ստացել է «Մայրիկի լավագույն օրակարգը» մրցանակը, որից հետո հնարավորություն է ստացել իրականացնելու Baby-life-balance սեմինարների շարքը՝ նախատեսված մայրերի եւ երեխաների համար: Իսկ 2017-ին կազմակերպել է բարեգործական սեմինարներ՝ մի հարկի տակ հավաքելով երիտասարդ մայրերին:

Մերիի փոխանցմամբ՝ իր ոգեշնչման աղբյուրն աղջկա ծնունդն է, եւ ուսումնասիրելով առկա հայերեն գրականությունը նոր կարգավիճակի մասին ու չգտնելով  բազմաբնույթ տեղեկատվություն հղիության եւ մայրիկի անելիքների վերաբերյալ՝ հասկացել է, որ հայկական շուկայում այդ բացը լրացման կարիք ունի. «Աղջկաս լույս աշխարհ գալուց հետո ամբողջ կյանքս կենտրոնացավ մեկ թեմայի վրա՝ երեխայի խնամք, նոր հոգսեր, ընտանեկան նոր կյանք։ Իմ առջեւ ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը գտնելն այդքան էլ հեշտ չէր։ Նաեւ հասկացա՝ իրական կյանքում միշտ չէ, որ տեսական գիտելիքները սպասված արդյունքն են ունենում։ Սկսեցի միախառնել գիտելիքներս մայրական զգացողություններիս հետ և փորձեցի գտնել ոսկե միջինն ամեն հարցում։ Գիրքը կարող է հետաքրքրել նույնիսկ հայրիկներին, քանի որ անդրադառնում եմ նաև նրանց նոր պարտականություններին, զգացմունքներին , հնարավոր խնդիրներին և լուծումներին»։

Գիրքը յուրահատուկ ձեւաչափով ու դիզայնով է, մայրիկներին հատկացված հատվածով, որտեղ յուրաքանչյուրը կարող է գրի առնել իր հույզերն ու փակցնել նկարներ: Գիրքը գրված է 2 տեսանկյունից՝ պարունակում է մասնագիտական տեղեկատվություն, նաեւ պատմում անձնական փորձի մասին:

Մերիի հետ աշխատել են պրոֆեսիոնալ մասնագետներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Տաթեւիկ Էվաջյանը, մանկաբույժ Արեւիկ Մոսինյանը, յոգայի մարզիչ Լենա Դավթյանը, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը եւ Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ունիվերսիտետ-կլինիկումում աշխատող հայ մանկաբարձ Երմոնյա (Ռիմկենե)Սարգսյանը, ում շնորհիվ գրքում անդրադարձ կա նաեւ միջազգային փորձին: 

Եվ այսպես, "Emily and Mommy" անվամբ հայտնի մայրիկն ու դուստրը հրավիրում են առաջին գրքի շնորհանդեսին՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին, «Մոսկաֆե» բացօթյա սրճարանում՝ հասցե՝ Աբովյան 18: