Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 18-09-2018
Ասլամազյան քույրերի պատկերասրահն օր օրի բարեկարգվում է
Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահը շարունակում է հանրահռչակել հայ քույրերի աշխատանքները եւ արվեստասերներին է ներկայանում նոր ծառայություններով:
Հայ հայտնի գեղանկարչուհիներ Մարիամ Ասլամազյանի կտավներից մի քանիսը Գյումրիից տեղափոխվել են Մոսկվա: Այս օրերին դրանք ցուցադրվել են Մոսկվայի Արեւելքի թանգարանում: Մարիամ Ասլամազյանի անհատական ցուցադրությունը նվիրված է գեղանկարչուհու 110-ամյակին: Ցուցադրությունը բաց է լինելու մինչեւ սեպտեմբերի 18-ը: Այն կրում է «Մարիամ Ասլամազյան. արևով գույների պատմություններ» խորագիրը:

«Մոսկվայի ցուցադրությանը ներկայացված են գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ: Ցանկություն կար նաեւ ցուցադրելու Ասլամազյանի խեցեգործական աշխատանքները: Սակայն անվտանգության նկատառումներով ռիսկի չդիմեցինք»,- պատմում է Գյումրիի «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» տնօրեն Վահագն Ղուկասյանը: 

Պատկերասրահ հիմնադրելու գաղափարը եղել է հենց Մարիամ Ասլամազյանինը: Նա ոչ միայն արվեստի հայտնի գործիչ է, նկարչուհի, այլեւ մշակութային գործիչ, ով իր նեդրումն է ունեցել ե՛ւ խորհրդային, ե՛ւ անկախ Հայաստանի մշակույթում:
Երանուհի Ասլամազյանը՝ Մարիամ Ասլամազյանի քույրը, ամենից հայտնի հայ խեցեգործներից է: Ունի 110 կտոր խեցեգործական աշխատանք: 



«Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» պահպանվում է Ասլամազյան քույրերի աշխատանքների ամբողջական հավաքածուն: Վահագն Ղուկասյանը նշում է, որ պատկերասրահն այցելուներին առաջարկում է ժամանակակից եւ բազմաշերտ ծառայություններ: «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում փորձ է արվել այնպես անել, որ խեցեգործությունը Շիրակի մարզում նոր թափ ստանա: Օրինակ՝ երեխաները, ովքեր այցելում են Ասլամազյանների պատկերասրահ, արդեն հնարավորություն ունեն անձամբ զբաղվելու խեցեգործությամբ. պատրաստել հուշանվերներ՝ ազատ նկարչությամբ կամ հենց Ասլամազյանների կերտած պատկերներով, եւ միաժամանակ զբաղվել արտ-թերապիայով: Այսօր Ասլամազյանների պատկերասրահում խեցեգործությունն օգտագործվում է նաեւ որպես նոր ծառայություն զբոսաշրջիկների համար: Կազմակերպվում են վարպետաց դասեր:

Պատկերասրահը գործում է 1987 թվականից: Այդտեղ պահպանվում են քույրերի կողմից թանգարանին հանձնված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրիի երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթեւաններին եւ վերաբացվել է 2004-ին: Պատկերասրահի առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդ հարկում Մարիամ Ասլամազյանի գործերը:

Պատկերասրահում նախատեսվում է իրականացնել մասնակի վերանորոգում եւ նոր կահույքի տեղադրում, որից հետո ավելի մեծ հնարավորություններ կընձեռվեն եւ ավելի շատ նմուշներ կներկայացվեն այցելուներին, այդ թվում՝ նաեւ նրանց անձնական իրերը, փաստաթղթերը: