Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-09-2018
Մեկնարկել է «Կանաչ նախաձեռնություններ» արշավը
Սեպտեմբերի 18-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում էկոտաղավարի բացման արարողությամբ մեկնարկեց «Կանաչ նախաձեռնություններ» արշավը: Նպատակն է բարձրացնել էկոլոգիական գրագիտության աստիճանն ու խթանել մարդկանց մասնակցությունը կանաչ որոշումների կայացման գործընթացին։


Վերաօգտագործված պլաստիկից պատրաստված կահույք, վերալիցքավորել բջջային հեռախոսն արեւային վահանակից եւ համալրել բնապահպանական գիտելիքները։ Այցելուները կարող են նաեւ տեղում մասնակցել էկոլոգիական գրագիտությունը ստուգող թեստերի, հաջողության դեպքում ստանալ նվերներ։



Արշավն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում` ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։



Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը:



Նրանք շրջեցին տաղավարում, ծանոթացան բնապահպանական կենցաղն ու կենսակերպը խորհրդանշող ցուցանմուշներին եւ պաստառներին։



«Այս տաղավարը հրաշալի միջոց է՝ ցույց տալու հանրությանը, որ ճիշտ աշխատանքի եւ ճիշտ մոտեցումների դեպքում բնապահպանության ու տնտեսական զարգացման միջեւ հակասություններ կարող են չլինել։ Նախարարությունն ուղղորդված աշխատանքներ է տանում տարբեր հիմնահարցերի համար կանաչ լուծումներ մշակելու եւ կիրառելու ուղղությամբ։ Նման լուծումները անպայման փորձարկվում են որոշակի տարածքում, ապա տարածվում ամբողջ երկրում»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։



Նշենք, որ տաղավարը բաց կլինի սեպտեմբերի 18-25-ը։  Էկոտաղավարը բնապահպանական արշավի առաջին միջոցառումն է միայն, «Կանաչ նախաձեռնություններ»-ը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 28-ը։ Միջոցառումների շարքը կամփոփի Պեչակուչա երեկոյով, որի ընթացքում ներկաները կշփվեն պատկերների ու արագ խոսքի միջոցով։ Բնության, դրա պահպանման հետաքրքիր ու նորարար մոտեցումների մասին մասնակիցները կպատմեն 20 պատկերների միջոցով, իսկ դրա համար կունենան 7 րոպեից էլ քիչ ժամանակ։