Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-09-2018
Հայաստանի Անկախության օրը՝ տոնական բազմաթիվ միջոցառումներով
Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումներն այս տարի՝ ժամը 12:00-ին, կմեկնարկեն Երեւանի Հանրապետության հրապարակից:
Բացումը կլինի կավճանկարչությամբ, որին կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ: Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Հանրապետության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ, ասաց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ժամը 13:00-ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո, Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարչության ցուցահանդեսը: 13:00-ից 23:00-ն կաշխատեն նաեւ Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը:


«Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ամբողջ երկայնքով,- ասաց Ռուբեն Հովհաննիսյանը եւ հավելեց,- Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը ամբողջ Հանրապետությունն ունենալու է տոնական խորհրդին համապատասխան ձեւավորում: Կազմակերպիչները, կառավարությունն արել են ամեն ինչ, որպեսզի այդ օրը վերածվի իրական տոնի ողջ Հայաստանի տարածքում»:

Հավելենք, որ մայրաքաղաքում կլինի նաեւ փողային նվագախմբերի երթ, որը ժամը 13:00-ին կմեկնարկի Ազատության հրապարակից: Փողային նվագախմբերի հավաքը կլինի Հանրապետության հրապարակում: Այնտեղ տեղադրված կլինի տոնական ավան, որտեղ կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, հայկական ուտեստների, գինիների եւ գարեջրի տեսականիների համտես: 

Հանրապետության հրապարակում եւ ամբողջ մայրաքաղաքում տոնական միջոցառումները ժամը 23:00-ին կամփոփվեն մեծ հրավառությամբ: