Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 17-09-2018
«Բերքի փառատոն»՝ գունավոր, ջերմ եւ համեղ
Երեւանում արդեն հինգերորդ անգամ կայացավ «Գյուղական կյանք եւ ավանդույթներ» ամենամյա ցուցահանդես-փառատոնը, որը ֆերմերների, այգեգործների համար մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին իրենց արտադրանքը եւ ձեռքբերումները ներկայացնելու հրաշալի առիթ է։

Հատկանշական է, որ ներկայացված մթերքների մեջ զգալի տեղ է զբաղեցնում օրգանական գյուղատնտեսական արտադրանքը շուրջ 45 ֆերմերային խմբերի կողմից, որոնց աջակցում է Ավստրիական զարգացման գործակալությունը։

Բերքի փառատոնի կարեւորությունը, անցած տարիների ձեռքբերումները, ինչպես նաեւ փառատոնի այս տարվա առանձնահատկություններն ու սպասվող իրադարձությունները ներկայացվեցին Մանկական այգում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որի բանախոսներն էին Երեւանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, փառատոնի հիմնադիր, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, Ավստրիական զարգացման գործակալության «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը եւ Գենդերային հավասարության ՄԱԿ-ի կանանց հիմնադրամի պորտֆոլիո ղեկավար տիկին Ռանա Էլ Հուջեյրին:

«Ուրախ ենք, որ «Գյուղական կյանքի եւ ավանդույթների» ամենամյա փառատոնը վերջին 5 տարիներին իր հաստատուն տեղն է զբաղեցրել Երեւանի միջոցառումային օրացույցում՝ տարեցտարի ընդլայնելով իր աշխարհագրությունը: Երեւանի համար տարին հոբելյանական է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս եւ հատկապես ողջունում նրանց, ովքեր հատուկ ժամանել են փառատոնին մասնակցելու համար: Այս փառատոնը լավ հարթակ է, որպեսզի հայ գյուղացիները, ֆերմերները ներկայացնեն իրենց արտադրանքը թե՛ մայրաքաղաքի հյուրերին եւ թե՛ բնակիչներին»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Մարիա Բարաղամյանը։

Փառատոնին առաջին անգամ մասնակցելու էր եկել նաեւ Գենդերային հավասարության ՄԱԿ-ի կանանց հիմնադրամի պորտֆոլիո ղեկավար Ռանա Էլ Հուջեյրին։ Նա շնորհավորեց կազմակերպիչներին՝ նշելով. «Լսել եմ, որ երբ առաջին անգամ է կազմակերպվել այս փառատոնը, 50 մասնակից է ընդգրկված եղել, իսկ այս տարի արդեն շուրջ 200 մասնակիցներ են լինելու, ինչն արդեն իսկ փաստում է, որ փառատոնը տարեցտարի ընդլայնվում է, ինչի առիթով շնորհավորում եմ կազմակերպիչներին: Նաեւ շատ ուրախ եմ, որ այս անգամ ես էլ հնարավորություն ունեմ մասնակցելու փառատոնին, որը կայանում է այսպիսի հյուրընկալ եւ ջերմ քաղաքում»:   

Ավստրիական զարգացման գործակալության «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար Դավիդ Մուքենհուբերն իր հերթին նկատեց, որ փառատոնն իսկապես լավ հարթակ է ֆերմերների համար։

Հավելենք, որ փառատոնի շրջանակում շուրջ երկու հարյուր մասնակիցներից որոշվեցին, թե ով է լավագույն ֆերմերային կինը, ձեռներեց, երիտասարդական եւ օրգանական արտադրող խմբերը։

Փառատոնի ավարտին մասնակիցներին տրվեցին  շնորհակալագրեր, դրամական պարգեւներ, ինչպես նաեւ  կայացավ փառատոնի սպասված խաղարկությունը։