Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-07-2018
Հրատարակչական գործունեությունը երիտասարդության ուշադրության կարիքն ունի
Հետազոտությունը ցույց է տվել, որ հրատարակչական գործունեության հանդեպ Հայաստանի երիտասարդների շրջանում հետաքրքրությունը մեծ չէ, մինչդեռ ոլորտն ունի երիտասարդ եւ ստեղծագործ ներկայացուցիչների կարիք։
«Ստեղծարար տնտեսության մեջ երիտասարդների զբաղվածության ներուժը եւ զարգացման հեռանկարները» հետազոտության շրջանակներում Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ում կազմակերպել էր հանդիպում՝ հրավիրելով հրատարակչական գործունեությամբ հետաքրքրվող երիտասարդներին։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ հանդիպման վայրի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն հետազոտության թեմայով, այլեւ ստեղծարարության գաղափարի տարածման եւ ստեղծարար միջավայրերը տեսանելի դարձնելու նախաձեռնողականությամբ։
 
Երկար ժամանակ է, ինչ «Վիքիմեդիա Հայաստան»-ը համացանցում հայերեն էլեկտրոնային գրքերը, բովանդակությունը զարգացնելու համար բազմաթիվ ծրագրերին զուգահեռ իրականացնում է նաեւ թվայնացման նախագիծ, որի շրջանակներում էլեկտրոնային տարբերակի են վերածվում հանրային սեփականություն համարվող ստեղծագործությունները։ Հանդիպում-քննարկմանը ներկայացվեցին ստեղծարարության հայեցակարգի բրիտանական մոդելը, իրականացված խոշոր հետազոտության նախնական արդյունքները հրատարակչության եւ այլ ոլորտների վերաբերյալ։ Ակտիվ քննարկվեց հրատարակչական ոլորտն իր զանազան խնդիրներով, այդ թվում եւ խոսվեց, թե երիտասարդներն ինչ հնարավորություններ ունեն զարգացնելու կամ ներգրավելու այս ոլորտում։ 
 
Ոլորտի խնդիրների շարքում նշվեց երիտասարդների աշխատանքային փորձի պակասը, ինչին զուգահեռ բարձր աշխատավարձի ակնկալիք կա գործատուներից։ Մեկ այլ մեծ բացթողում, շատ կարեւոր հարց է հրատարակչական ոլորտում արդիական վերապատրաստման դասընթանցերի անհրաժեշտությունը, պակաս կարեւոր չեն նաեւ հեղինակային իրավունքի մասին հանրային իրազեկվածության, գրքերի բովանդակության վերահսկողության եւ այլ խնդիրները։
 
Հանդիպում-քննարկման մասնակիցների կողմից հատկապես ընդգծվեց ՀՀ-ում ընթերցանության մշակույթի տարածումը երիտասարդների շրջանում։ Քննարկման ընթացքում նշվեց պարզվել է, որ հայ երիտասարդների շրջանում բավականին քիչ է տարածված գեղարվեստական գրականության ընթերցանությունը, ինչը պայմանավորված է մի շարք խնդիրներով։
 
«Օրինակ, պատճառներից մեկն է կրթական ծրագրերի ծանրաբեռնվածությունը, համացանցի հասանելիությունը եւ, միաժամանակ, դրանից օգտվելու գրագիտության պակասը»,- նշեցին միջոցառման մասնակիցները։

Ի դեպ, «Ստեղծարար տնտեսության մեջ երիտասարդների զբաղվածության ներուժը եւ զարգացման հեռանկարները» հետազոտության շրջանակներում 2018 թ.-ին իրականացվել են հարցումներ 600 երիտասարդի շրջանում: Ստեղծարար ոլորտներից յուրաքանչյուրի վերաբերյալ առավել խորքային պատկերացում կազմելու, ոլորտի ներկայացուցիչների հետ առավել ընդլայնված քննարկումներ ծավալելու եւ հետազոտության նախնական արդյունքները ներկայացնելու համար այժմ արդեն Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտն իրականացնում է հանդիպումների շարք, որը շարունակական կլինի։

Հատկանշական է, որ հրատարակչական գործունեությունը հետազոտության ժամանակ ամենից քիչն է նշվել որպես առավել եկամտաբեր ճյուղ։ Հարցվածների ընդամենը 16 տոկոսն է կարծում, թե հրատարակչական գործունեությունը առավել եկամտաբերն է։