Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից
Տեղադրվել է 24-06-2018
«Խրամատից` հավերժություն». Բագրատ Ալեքսանյան
Eritasard.am-ը շարունակում է ներկայացնել «Խրամատից` հավերժություն» հեղինակային շարքը, որը պատմում է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների կյանքի ու սխրանքի մասին:

Այս անգամ շարքի հերոսը նռնակաձիգ, շարքային Բագրատ Ալեքսանյանն է, ով 2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Վարազաթումբ կոչվող բարձունքի վրա գտնվող 112 մարտական դիրքի անձնակազմի հետ համառ ու երկարատեւ պայքար է մղել` զգալի կորուստներ պատճառելով թշնամուն: Բագրատն այն զինծառայողների շարքում էր, որոնք օրեր շարունակ անհետ կորած են համարվել. նրանց մարմիններն Ադրբեջանը հայկական կողմին է  հանձնել ապրիլի 10-ին: 



ՀՀ նախագահի հրամանագրով՝ Բագրատ Ալեքսանյանը պարգեւատրվել է «Արիության», ԱՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալներով: 

«Եթե ես չծառայեմ, իմ փոխարեն ո՞վ պիտի գնա  ծառայելու»

2016 թ.-ի ապրիլից հետո տիկին Նարինեի ապրած բոլոր օրերը միանման են: Դեռ լույսը չբացված՝ մտնում է հյուրասենյակ, որտեղ որդու փառքի անկյունն է,  համբուրում խաչը՝ միակ իրը, որ Բագրատի հետ «վերադարձել է» տուն, կարոտած զրուցում որդու հետ. որդեկորույս մայրն ամեն օր ասելիք ունի զավակին: 

Բագրատ Ալեքսանյանն ընտանիքի առաջնեկն էր: 



«Որդիս դժվարությամբ է լույս աշխարհ եկել: Առողջական խնդիրներ ուներ, եւ ծնվելուց հետո միայն 5-րդ օրը ես կարողացա նրան գիրկս առնել: Չեմ կարող բառերով նկարագրել ապրածս. անբացատրելի բերկրանք էր: Միայն այդ պահից սկսեցի հավատալ, որ մայր եմ դարձել»,- պատմում է Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ասրյանը: 

Բագրատն աշխույժ երեխա էր, նույնքան ակտիվ ու շարժուն էր թե՛ տանը, թե՛ մանկապարտեզում: Չափազանց հետաքրքրասեր էր ու հաճախ այնպիսի հարցեր էր տալիս, որ մեծահասակները դժվարությամբ էին պատասխաններ գտնում: Մանկության լուսանկարներից մեկում զինվորական համազգեստով է. տատն էր կարել, եւ Բագրատը գրեթե ամեն օր պահանջում էր, որ դա հագցնեին իրեն: Սիրում էր երգել, հայրենիքին նվիրված բանաստեղծություններ էր արտասանում…



Բագրատն ուսանել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան N 84 միջնակարգ դպրոցում:

Մայրը հիշում է. «Դպրոցական հանդեսներից մեկի ժամանակ ինչ-ինչ պատճառով ուսուցչուհին ստիպված է եղել դուրս գալ դահլիճից եւ ուշացել է: Բագրատը, անգիր իմանալով համադասարանցիների բանաստեղծությունները, ելույթների հերթականությունը, սկսել է վարել հանդեսը: Ուսուցչուհին վերադարձել է այն պահին, երբ բոլորը ծափահարում էին Բագրատին»

Դպրոցական առարկաներից նրան հետաքրքրում էր հատկապես մաթեմատիկան: Աչքի էր ընկնում գերազանց առաջադիմությամբ: 



«Ծնողական ժողովների ժամանակ միշտ կարմրում էի, բայց՝  Բագրատի մասին գովեստի խոսքերից»,- շարունակում է տիկին Նարինեն: 

6-րդ դասարանն ավարտելով՝ Բագրատն ընդունվեց ՀՊՃՀ հենակետային վարժարանի ֆիզիկամաթեմատիկական բաժին: Մեծ հետաքրքրություն ունենալով խոհանոցի նկատմամբ՝ ուսումը շարունակեց Հայ-հունական պետական քոլեջում: 2011 թ.-ին Ալեքսանյանների ընտանիքը տեղափոխվեց ՌԴ, եւ Բագրատն ուսումը շարունակեց հեռակա: Աշխատում էր հայկական սրճարաններից մեկում, իսկ որոշ ժամանակ անց սկսեց ինքնուրույն աշխատել: 2013 թ.-ին ավարտեց ուսումը եւ պիտի զորակոչվեր բանակ: Առողջական խնդիր ուներ (ավելորդ քաշ), սակայն չծառայելու մասին խոսակցության յուրաքանչյուր փորձ պարզապես կանխում էր՝ ասելով. «Եթե ես չծառայեմ, իմ փոխարեն ո՞վ պիտի գնա  ծառայելու»



Տիկին Նարինեն հիշում է. «Երբ Մոսկվայում էինք, հաճախ էր ասում. «Մա՛մ, ի՞նչ կլինի՝ գնանք այստեղից: Հայաստանն է մեր տունը, ի՞նչ ենք անում այստեղ»: Բագրատը վերադարձավ Հայաստան, որպեսզի զորակոչվի ԶՈԻ, սակայն մեկ տարով տարկետում ստացավ:Վստահ էինք, որ երկրորդ անգամ եւս  տարկետում կստանա, սակայն զինկոմիսարիատում խնդրել էր, որ իրեն զորակոչեն»

«…Գալիս եմ, մա՛մ, ցավդ տանեմ»

Բագրատ Ալեքսանյանը ծառայության անցավ ՊԲ հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: 1 տարի անց զորակոչվեց նաեւ եղբայրը՝ Սամվելը՝ ծառայության անցնելով նույն զորամասում:  Բագրատը նույն օրը տուն զանգահարեց. «Սամվելը ինձ մոտ է, դուք հանգիստ եղե՛ք»:  



Եղբայրներով դիրքապահներ էին: Ապրիլի 1-ին Սամվելը հերթափոխը հանձնեց, հասավ զորամաս ու սովորության համաձայն՝ անմիջապես գնաց եղբորը տեսնելու: Բագրատը նույն օրը մարտական հերթապահության պիտի անցներ: Գրկախառնվեցին: Սամվելի համար փոքր-ինչ անսովոր էր, երբ Բագրատն ասաց. «Սիրում եմ քեզ»: Եղբայրների վերջին զրույցն էր: 

Բագրատը ծնողներին վերջին անգամ զանգահարեց ապրիլի 1-ին: 

«Այդ օրը սովորականից երկար խոսեցինք: Ասում էր. «Մա՛մ, տղեդ ծառայեց, բան չմնաց, գալիս եմ, մա՛մ, ցավդ տանեմ»: Ինքս էլ ոգեւորվեցի, բայց, չգիտեմ ինչու, խնդրեցի, որ օրերը չհաշվի»,- հիշում է տիկին Նարինեն: 



Աշխարհը մթնեց…

2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը նռնակաձիգ, շարքային Բագրատ Ալեքսանյանը մարտական հերթապահություն էր իրականացնում Վարազաթմբի՝ արդեն հայտնի 112 մարտական դիրքում: Թշնամին անսպասելի հուժկու հրետակոծության ենթարկեց դիրքը, ապա կարճ դադարից հետո մեծ թվով զինյալներ հարձակվեցին դիրքի վրա: Անձնակազմը դիրքի ավագ, սերժանտ Ադամ Սահակյանի գլխավորությամբ անցավ շրջանաձեւ պաշտպանության ու ժամեր շարունակ աննահանջ մարտ վարեց՝ նաեւ ժամանակ շահելով, որպեսզի հայկական ստորաբաժանումները կարողանան պատրաստվել թշնամուն դիմակայելուն: Դա կատաղի մարտ էր, կենաց ու մահու պայքար, որտեղ անմահացավ դիրքի ողջ անձնակազմը: 

«Ապրիլի 3-ին տեղեկացանք, որ Արցախից Երեւան են տեղափոխել վիրավոր զինծառայողներին: Աշխարհը մթնեց. որդիներս սահմանին էին: Սամվելի հետ հաջողվեց կապ հաստատել, սակայն կցկտուր էր խոսում ու խնդրում էր չզանգահարել,- այդ օրերի տագնապը վերապրելով՝ պատմում է զրուցակիցս,- հերթով գնացի Երեւանի զինվորական հոսպիտալներ ու հիվանդանոցներ, Բագրատիս անունը ոչ մի տեղ չկար: Ամուսնուս հետ ուղեւորվեցինք Արցախ, այնտեղ էլ մեզ հայտնի դարձավ սարսափելի իրականությունը. Բագրատս 18 անհետ կորածների մեջ էր»:



Տուն «վերադարձած» խաչը

Բագրատի փառքի անկյունում՝ երեւացող մի տեղ, խաչ է դրված: Այն սովորական չէ. ծնողները պատմում են, որ մարտական գործողության ժամանակ Բագրատի պարանոցին է եղել: Երբ ադրբեջանցիները վերադարձրել են զոհված զինվորի մարմինը, խաչը զարմանալիորեն անվնաս է եղել: Ծնողները երկյուղածությամբ են պահում այն՝ որպես նշխար…



Մանկության նվիրական երազանքը

Բագրատ Ալեքսանյանը 11 տարեկանից բանաստեղծություններ է գրել: Առաջինը նվիրված է Արարատ լեռանը: 

Երազ տեսա.
Թեւեր առած՝ ճախրում էի դեպի երկինք,
Ու չիմացա՝ ինչպես հասա լեռն Արարատ:
Նա տնքում էր խորը վշտից,
Որ չի կարող ինքն ազատվել գերությունից:
Ես գոչեցի. «Դու ազատ ես այսօրվանից»,
Ու վեր թռա իմ իսկ ձայնից: Երազ էր մեծ:
 



«Հաճախ էր փակվում սենյակում, խնդրում, որ իրեն  չխանգարենք՝ պատճառաբանելով, որ գործեր ունի: Ես գիտեի, որ բանաստեղծություններ է գրում, երբեմն իրենից գաղտնի կարդում էի: Վերջին տարիներին էլ, երբ ՌԴ-ում էինք,  շարունակում էր ստեղծագործել»,- ասում է մայրն ու մատնացույց անում ծխախոտի տուփի ստվարաթղթերի վրա գրված վերջին բանաստեղծությունները, որոնք Բագրատը չի հասցրել արտագրել տետրում:  

Երազում էր մեծ բանաստեղծ դառնալ ու իր բանաստեղծությունների գիրքն ունենալ: Մայրը ցույց է տալիս որդու ստեղծագործությունները: Դրանց մի մասը նա արտագրել է տետրի մեջ, մյուս մասը թղթերի վրա է: Պահպանվել են անգամ սեւագրությունները: Դրանց մեջ առանձնացող մի թղթի վրա Բագրատն իր բանաստեղծությունների վերնագրերն է գրել  ու նշել էջերը: Երեւակայական գրքի բովանդակություն է կազմել՝ իր երազած գրքի: 



«Վերադարձ». երազանք՝ իրականացված հետմահու

Բագրատի երազանքն իրականացրել են ծնողները՝ նրա զոհվելուց մեկ տարի անց հրատարակելով ստեղծագործությունները: Գիրքը, որում ներառված են բանաստեղծություններ, մի քանի արձակ գործեր եւ պատառիկներ օրագրից, կոչվում է «Վերադարձ»

«Շատ երազանքներ եմ ունեցել որդուս հետ կապված, որոնք մնացին անկատար: Մենք ցանկացանք գոնե նրա երազանքն իրականացնել: Այս գրքով որդիս վերադարձավ: Այն մեր ընտանիքի հոգին է… մեր սիրտը»,- ասում է տիկին Նարինեն: 

«Տուն հասնեմ, մորս սարքած տոլման ուտեմ»

Բագրատը բանակում օրագիր է ունեցել, որի էջերում մտքերն է պահ տվել, պատմել ծառայության, ընկերների, ծնողների ու սիրած աղջկա կարոտի մասին: Այն հերթական արձակուրդի ժամանակ թողել է տանը: Ինքս չեմ համարձակվում բացել օրագիրը, իսկ մայրն անգիր գիտի, թե որ էջի վրա ինչ է գրված: Ամեն օր է կարդում: Ասում է՝ այդպես ավելի մոտ է զգում որդուն: Ասես Բագրատն է կարդում, նրա ձայնն է լսում…

«…Հոսպիտալում մենք երրորդ հարկում էինք, որտեղից երեւում էր գլխավոր մուտքը: Վիրավոր զինվորներ բերեցին: Նրանցից մեկի գլուխն ամբողջովին բինտով փաթաթված էր: Սակայն սրտանց ուզում եմ, որ ապրի ու իր հետ ամեն ինչ լավ լինի…»:

«…Մորս եմ ահավոր կարոտել: Չնայած ցույց չեմ տալիս, բայց մորս կարոտից խեղդվում եմ: Կարոտել եմ իմ ու մամայի «կռիվները», հիշում եմ ու ծիծաղում: Ինչ օրեր էին, ուզում եմ մի օր էլ անցնի, տուն հասնեմ, մորս սարքած տոլման ուտեմ»: 



«Անժելին չասացի, որ սիրում եմ իրեն կյանքիցս շատ…»

Անժելը… Ինչպես Բագրատն է օրագրում գրել, Անժելն այն աղջիկն է, ում սիրել է կյանքից շատ: Անժելի մասին տողերի մեջ Բագրատի սրտի բաբախյունը կա: Ես ոչինչ չեմ ավելացնում, որ այն լսելի լինի…

«Այսօր ես դարձա 122 օրվա ծառայող, ու ինձ մնաց 608 օր: 122 օրվա մեջ չի եղել մի օր, որ ես չմտածեմ Անժելի մասին: Ինքը մտքումս է, սրտումս է, ուղեղումս է»: 



«…Այնպես եմ ուզում զանգեմ ու ասեմ, որ սիրում եմ քեզ, բայց վախենում եմ…»:

«…Ամենատպավորիչ պահը Անժելին հաջող անելու պահն էր: Անժելն այն աղջիկն է, ում ես կյանքիցս շատ եմ սիրում: Ես ուզում էի Անժելին գրկել ու պաչել, բայց, չգիտեմ ինչու, ռիսկ չէի անում ու հետո ոնց գրկեցի ու թուշիկը պաչելով՝ հաջող արեցի: Էդ պահին մի անբացատրելի զգացողություն ունեցա: Ուզում էի ականջին շշնջալ, որ սիրում եմ իրեն, բայց չարեցի, չգիտեմ, թե ինչու: Երբ արդեն շրջվեցի, որ գնամ, ակնոցս միանգամից աչքերիս դրեցի, քանի որ արցունքներս հազիվ էի պահում Անժելի մոտ, բայց շրջվելս ու արցունքներս գլորվելը մեկ եղան: Ակնոցն էր, որ ինձ չմատնեց, որ աչքերս արցունքոտ էին: Ու մինչեւ օրս ինքս ինձ չեմ կարողանում ներել, որ Անժելին չասեցի, որ սիրում եմ իրեն կյանքիցս շատ»: