Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-06-2018
«Fête de la Musique» փառատոնը՝ Երեւանում
Երեւանի Սիրահարների այգում երեկոն տոնական էր: Հունիսի 21-ին ամբողջ աշխարհում նշվող «Fête de la Musique» փառատոնն այցելել էր նաեւ Երեւան՝ ջերմացնելու, ժպիտ պարգեւելու նաեւ հայ հանդիսատեսին: Ելույթ ունեցավ «Cօllectif Medz Bazar» խումբը:

Հնչում էր հայկական ազգային երաժշտություն՝ համեմված ֆոլկի, ջազի տարրերով:

Մեր երկրում այն անցկացվում է «Պողոսյան» հիմնադրամի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Հայաստանը որպես ֆրանկոֆոն երկիր միացել է փառատոնին: 

Eritasard.am-ի հետ զրույցում «Պողոսյան» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Սոնա Ղազարյանը նշեց, որ փառատոնի նպատակն ազգային երաժշտությունը ներկայացնելն է. «Պետք է ամբողջ քաղաքով անվճար համերգներ կազմակերպվեն, փառաբանեն երաժշտությունը: Կանաչ գոտին է ընտրվել, քանի որ այստեղ միջոցառման կազմակերպումը նպաստում է, որ համերգն առավելագույնս վայելենք՝ մոռանանք ամառվա շոգը և ժամանակ անցկացնենք բնության գրկում։»:

«Cօllectif Medz Bazar» խմբի ելույթն էլ պատահական չէ. հայկական ազգային երաժշտական խումբը ծնունդ է առել Ֆրանսիայում, բաղկացած է մի քանի ազգեր ներկայացնող երաժիշտներից՝ հայերից, ֆրանսիացիներից եւ ամերիկացիներից: Նրանք իրենց գործունեությունն սկսել են ազգային երգերի կատարմամբ: 

«Ուզում էինք, որ փառատոնը տարբեր տեսակի երաժշտություն ներկայացներ»,- ասում է Սոնա Պողոսյանը:

Նշենք, որ «Fête de la Musique»-ն ամենամյա փառատոն է, որն անց է կացվում ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարվա նույն օրը՝ հունիսի 21-ին։ Այս տարի փառատոնը Հայաստանում անցկացվում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում։