Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-06-2018
Կայացավ Հայաստանի ցատկացանցի բաց առաջնությունը
Այսօր Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում կայացավ Հայաստանի ցատկացանցի բաց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում էին Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից 90 մարզիկներ եւ մարզուհիներ՝ տարբեր մրցանակային կարգերում: Առաջնությանը մասնակցող տղաների եւ աղջիկների թիվը հավասարաչափ էր բաշխված, Հայաստանից, սակայն, ներկայացել էին միայն տղաներ, քանի որ աղջիկները դեռեւս պասիվ են այդ սպորտաձեւում:

«Հայկական ազգային ցատկացանցի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Դավիթ Ֆահրադյանը eritasard.am-ի հետ զրույցում փաստեց, որ նմանօրինակ առաջնություն Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում. «Ցատկացանցը 2011 թ.-ից տարածում է ստանում Հայաստանում, սակայն նմանօրինակ լայնամասշտաբ մրցումներ առաջին անգամ են կայանում: Մենք մանր եւ դանդաղ քայլերով զարգացնում ենք սպորտաձեւը Հայաստանում եւ փորձում ենք այս օլիմպիական սպորտաձեւը մասսայականացնել Հայաստանում: Մենք հրավիրել ենք նաեւ մարզիկներ եւ մարզուհիներ Ռուսաստանից եւ Վրաստանից: Նրանց հետ հանդիպումը մեզ տալիս է փոխհամագործակցության կապեր»:

Դավիթ Ֆահրադյանը նշեց, որ 2018 թ.-ին Հայաստանը միջազգային ֆեդերացիայի կողմից որակավորում է ստացել, որով մեր մարզիկները կարող են մասնակցել տարբեր միջազգային մրցումների. «Հույս ունեմ, որ մոտակա տարիներին մենք նույնպես կներկայացնենք մեր մարզիկին աշխարհի եւ Եվրոպայի մանկապատանեկան առաջնություններին»:

Հավելենք նաեւ, որ ցատկացանցի Հայաստանի առաջնությունը նվիրված է Երեւանի 2800-ամյակին:

Պատկերասրահ՝ Հայաստանի ցատկացանցի բաց առաջնություն