Նյութը՝ ««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 19-06-2018
«Մեդիա մասնակցություն». դասընթացի հրավեր իջեւանցի երիտասարդների համար
Երիտասա՞րդ ես, ուզո՞ւմ ես մասնակցել համայնքիդ կառավարմանը՝ տիրապետելով մասնակցության ձեւերին եւ նոր մեդիայի հիմունքներին, ուրեմն այս դասընթացը հենց քեզ համար է:

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ 2018 թ. երիտասարդական մայրաքաղաք Իջեւանի եւ հարակից համայնքների 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Մեդիա մասնակցություն» ծրագրին:

Ծրագրի շրջանակում հուլիսի 14-17-ն Իջեւանում կանցկացվի ուսուցողական դասընթաց, որի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ համայնքի կառավարմանը մասնակցելու մասին՝ սովորելով իրականացնել համայնքային նախաձեռնություններ, ճիշտ լուսանկարել, պատրաստել հետաքրքիր լրագրողական նյութեր, բացել եւ վարել բլոգ, այդպիսով նոր մեդիայի միջոցով որպես քաղաքացիական լրագրողներ (կամ այսպես ասած՝ 4-րդ իշխանություն) մասնակցել համայնքի տեղական ինքնակառավարմանը:

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչեւ սույն թվականի հուլիսի 10-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները: Մասնակցությունն անվճար է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել շահառու երիտասարդների` մասնակցային կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը եւ նոր մեդիայի միջոցով նրանց ներգրավվածությանը համայնքային կյանքին ու տեղական ինքնակառավարման գործընթացին: Ծրագրի նպատակն է նաեւ նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, զբաղվածության խնդրի մեղմացմանը եւ քաղաքացիական լրագրողների պատրաստման միջոցով ՏԻՄ-երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը: 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096-31-97-91,  093-40-50-82 հեռախոսահամարներով կամ նամակ գրել kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստին: