Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-06-2018
Դաշնամուրային երաժշտության երեկո՝ Լուիզա Կոստանյանի հետ
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համերգասրահում հունիսի 18-ին կայացավ այդ բուհի ուսանողուհի, երիտասարդ դաշնակահարուհի Լուիզա Կոստանյանի մենահամերգը:



Լուիզան 18 տարեկան է, դաշնամուր նվագում է արդեն 10 տարի: Երիտասարդ դաշնակահարուհին Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համերգին պատրաստվել է մոտ մեկ ամիս եւ ամենայն պատասխանատվությամբ: 



«Հույս ունեմ՝ հանդիսատեսին դուր կգա համերգային ծրագիրը, քանի որ հնչելու են շատ գեղեցիկ եւ սիրված ստեղծագործություններ»,- նշեց Լուիզա Կոստանյանը:



Նրա խոսքով՝ համերգային ծրագիրը չէր կայանա, եթե չլինեին այն բոլոր պարապմունքներն ու ուսուցողական խորհուրդները, որոնք նրան տվել են իր սիրելի դասախոսները՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը եւ կոնցերտմայստերական պատրաստման դասարանի դասախոս, պրոֆեսոր Գոհար Թորոյանը: 



Երիտասարդ դաշնակահարուհուն համերգային ծրագրի ընթացքում միացան նաեւ ջութակահար Կարինե Առաքելյանը եւ դաշնակահարուհի Մանե Դանիելյանը: 



Երեկոյի ընթացքում հնչեցին Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Միոյի, Մենդելսոնի, Լիստի, Ռախմանինովի, Արենսկիի եւ Բաբաջանյանի ստեղծագործություններից: