Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-06-2018
«Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեցին ԵԹԿՊԻ շրջանավարտների աշխատանքները
Հունիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնի «Կապույտ» դահլիճում ցուցադրվեցին ԵԹԿՊԻ-ի այս տարվա շրջանավարտների դիպլոմային աշխատանքները:

Հերթն այս անգամ Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցի սաների դիպլոմային աշխատանքներինն էր: «Մոսկվա» կինոթատրոնն էլ Թատերական ինստիտուտի շրջանավարտներին մեծ էկրանին իրենց աշխատանքները տեսնելու հնարավորություն էր ընձեռել:



Eritasard.am-ը զրուցել է երեք շրջանավարտների հետ:


Քրիստինե Ղազարյան, 21 տարեկան, «Սարերում» ֆիլմ 



Իմ ֆիլմը վավերագրական է: Հոդված եմ կարդացել Արցախում բնակվող մի ընտանիքի մասին, ովքեր Մոսկվայից են վերադարձել հայրենիք: Ամուսինը հայ է, կինը՝ ռուս: Որոշել են ազատագրված հողերը դատարկ չթողնել, այնտեղ ապրել: «Սարերում» ֆիլմը նրանց մասին է: Կինը դասավանդում է տեղի դպրոցում եւ դա համարում է իր համար մեծ երջանկություն: 


Մանե Գրիգորյան, 21 տարեկան, «Սեփական ընտրությամբ» ֆիլմ 



Իմ ֆիլմը պատմում է Հայաստանում ապրող մալականների մասին: Երեւանում չի նկարվել, այլ գյուղերում, որտեղ նրանք ապրում են: Մալականներն ընտրել են դժվար ճանապարհ, գայթակղություններից հրաժարվելով՝ ապրում են ավելի անմեղ ու երջանիկ: Նրանց գտել եմ համացանցով: 


Արամ Ասատրյան, 25 տարեկան, «Ախմախը» ֆիլմ



Միակ խաղարկային ֆիլմն իմն է, միայն ես եմ ռիսկի գնացել ու խաղարկային նկարել: Ժամանակակից գրող Հարություն Հարությունյանի «Ախմախը» պատմվածքի հիման վրա է: Աբսուրդին մոտիկ պատմվածք է, պատմությունը մի երիտասարդի մասին է, ով չմտածված քայլերով բացահայտում է ոստիկանի ինքնասպան լինելու թաքնված ցանկությունը: