Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 23-05-2018
Ազգային երգարան. 365 երգ` մեկ ժողովածուում
Տունը, ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի…

Մայիսի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ մի աննախադեպ ժողովածուի շնորհանդես: Հանրությանը ներկայացվեց մշակույթի գործիչ Սամվել Հարոյանի «Ազգային երգարան. 365 երգ» ժողովածուն: 

Երգարանն ընդգրկում է ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի եւ մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ: Այն բծախնդիր ու սիրով կատարված աշխատանքի արդյունք է եւ ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի եւ այլն: Երգարանի հիմնական նպատակն է նոր կյանք հաղորդել ներառված երգերին թե՛ բեմերում եւ թե՛ երգասերների տարբեր միջավայրերում՝ կենցաղում, այլազան առիթների ժամանակ բավարարելով տարբեր ճաշակի երգասերների պահանջները։ 

Երգարանի կազմող Սամվել Հարոյանը շնորհանդեսի ընթացքում ընդգծեց, որ իր ընտանիքում հայ երգը կարեւոր տեղ է ունեցել. «Բազմաթիվ տարիներ զբաղվելով հայ երգով՝ հասկանում ես, թե ինչքան կարեւոր է այն հայ մարդու համար: Հայ երգը մարդկանց սրտերն իրար կապող կամուրջ է, կամուրջ, որը կապում է տարբեր սերունդների: Մենք այդ երգերի միջով իմանում ենք հայ մարդու, նրա կենցաղի մասին»:



Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ ընդգծեց, որ պատասխանատու գործ է արվել, ստեղծվել, հավաքվել է երգարան: Եվ Հարոյանի կողմից 28 երգարան ստեղծելն իսկական հերոսություն է: Շուտով Սաթյանն ու Հարոյանը համատեղ երգարան են անելու: 

Երգարանը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը շնորհավորեց ներկաներին գրքի հրատարակման առթիվ. «Մեզ իրոք պետք էր ազգային երգարան, որը երբեք չի հրատարակվել: Երգարանը պետք է լիներ գեղեցիկ, հարմար: Թող բոլորիս տանը լինի այս երգարանը, եւ թող բոլորը երգեն այս երգերը»:

Երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին ազգային երգարանում տեղ գտած երգերի կատարումներ: