Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-05-2018
Մեկնարկեց «Հոդված 3 իրավունքի փառատոնը»
Մայիսի 16-ին Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկեց «Հոդված 3 իրավունքի փառատոնը», որը կազմակերպել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն:

Մայիսի 16-24-ն անցկացվող փառատոնը կրում է «Երիտասա՛րդ, արի՛ սովորենք» խորագիրը: Այն նպատակ ունի հասարակության եւ մասնավորապես երիտասարդության շրջանում բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը, դառնալ նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ձեւավորել մարդու իրավունքների գնահատման եւ վերաարժեւորման մշակույթ:

Փառատոնի բացման արարողությանը ելույթով հանդես եկան ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը: 

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորեց բոլորին փառատոնի կապակցությամբ եւ նշեց, որ այն կրելու է շարունակական բնույթ. «Ողջունելի է, որ այս փառատոնը կրում է «Երիտասա՛րդ, արի՛ սովորենք» խորագիրը: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Սահմանադրության 3-րդ հոդվածում ամրագրված է, որ մարդը բարձրագույն արժեք է: Իրավմամբ, բարձրագույն արժեքի հետ ոչինչ չի կարող համեմատվել եւ նրան հավասարվել»:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն էլ փաստեց, որ իր համար մեծ պատիվ է այդ փառատոնին ներկա գտնվելը. «Դուք վերջերս շատ լավ ի ցույց դրեցիք, թե ինչպես պետք է պաշտպանել իրավունքները: Արդեն 25 տարի է, ինչ մենք այստեղ ենք: Մենք պատրաստ ենք շարունակել ամեն հարցում ձեզ աջակցել»:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին ընդգծեց, որ այն, ինչ եղավ ՀՀ-ում, դժվար ճանապարհի միայն սկիզբն է, քանի որ դեռ շատ անելիքներ կան: Նրա խոսքով՝ պետք է մշտապես լինել վճռական: 

Փառատոնի բացմանը ելույթ ունեցան «Լավ էլի», «Որդան կարմիր» ռոք խմբերը, ինչպես նաեւ դերասան Շաֆի Ալ Կապրիոն: 

«Հոդված 3 իրավունքի փառատոնի» շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նաեւ բացվեց մարդու իրավունքներին առնչվող ուղերձների, գեղանկարների եւ գրաֆիկական աշխատանքների, լուսանկարների շարժական ցուցադրությունը:

«Հոդված 3 իրավունքի փառատոնի» համակարգող Մարիա Աբրահամյան-Զախարյանի խոսքով՝ ցուցահանդեսով ազդարարվում է փառատոնի բացումը, ինչը շատ խորհրդանշական է: 

«Ներկայացված են մարդու իրավունքներին առնչվող գեղանկարների, գրաֆիկական աշխատանքների, լուսանկարների շարժական ցուցադրություն, ինչպես նաեւ Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման 70-ամյակին նվիրված նկարներ: Այդ նկարներն ամբողջ աշխարհում ցուցադրվում են, իսկ հիմա հերթը Երեւանինն է»,- նշեց նա:

Մարիա Աբրահամյան-Զախարյանի հավաստմամբ՝ բոլոր աշխատանքները յուրահատուկ են, քանի որ դրանցից յուրաքանչյուրն արտահայտում է իրավունքի պաշտպանության մի ձեւ: Մինչեւ մայիսի 24-ը ցուցադրությունը կլինի Երեւանում, իսկ հետո՝ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանությանը օրը, Փարիզում:

Փառատոնի օրերին իրականացվելու են իրավունքների վերաբերյալ հանդիպումներ եւ քննարկումներ (Երեւանի համալսարաններում, այգիներում, «Հոդված 3» ակումբում), լուսանկարների եւ գեղանկարների ցուցահանդես-մրցույթ, քաղաքային «QUEST» մրցույթ-խաղ, թատերական ներկայացում, թեմատիկ «STREE ART», որի ընթացքում Երեւանի Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկի մոտ գտնվող շենքերից մեկի կամարանցումը նկարազարդվելու է արեւմտահայ հրապարակախոս, գրող Զապել Եսայանի պատկերով: Վերջինս իր հրապարակախոսական հոդվածներում եւ ստեղծագործություններում բազմիցս է անդրադարձել կնոջ ինքնադրսեւորվելու հնարավորությունների կարեւորությանը՝ ընդգծելով հասարակության կյանքում կնոջ կարեւոր գործոնը դառնալու անհրաժեշտությունը, ինչը բավականին համարձակ քայլ է եղել 20-րդ դարի սկզբում: 

Պատահական չէ, որ սույն թվականի մարտի 8-ին Փարիզի Հանրապետության պողոտայի եւ Տլիսմեն ու Սպինոզա փողոցների հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվել է նրա անվամբ: 

Նշենք, որ մայիսի 20-21-ը երկօրյա միջոցառումներ են նախատեսված նաեւ Գավառում:

Պատկերասրահ՝ «Հոդված 3 իրավունքի փառատոնի» մեկնարկը