Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-02-2018
Ապագան՝ այսօր. թռչող տաքու մոդել է փորձարկվել
«Airbus» ընկերությունը հանրությանն է ներկայացրել «Vahana» նախագծի «Alpha One» անվանումը ստացած թռչող տաքսու առաջին թռիչքը:

ԱՄՆ Օրեգոն նահանգի Փենդլտոն քաղաքում վերջերս փորձարկվել է «Alpha One» թռչող տաքսին, որն անդրանիկ թռիչքն իրականացրել է հունվարի վերջին: Առաջինամբողջական փորձնական թռիչքի ժամանակ անօդաչու սարքը բարձրացել է մոտ 5 մետր եւ 53 վայրկյան է անցկացրել օդում։

Սպասվում է, որ հաջորդ փորձարկումների ժամանակ նախագծրի հեղինակները մտադիր են ստուգել տաքսու գործառույթ իրականացնելու պատրաստ դրոնի՝ մինչեւ նշանակետ հասնելու ունակությունը: «Airbus» ընկերության արտադրության «Alpha One» սարքն ունի 6,2 մետր լայնություն, 5,7 մետր երկարություն եւ 2,8 մետր բարձրություն: Նախատեսված է, որ դրոնը կարողանա բարձրացնել մինչեւ 745 կիլոգրամ քաշ, սակայն «տաքսու» սրահում միայն տեղ կլինի մեկ ուղեւորի համար:

Նորարարական սարքն աշխատում է միայն էլեկտրականությամբ: Այն մշակվել է կոնվերտոպլանի սկզբունքով՝ ունի 8 պրոպելլեր եւ 6 ռոտոր: «Alpha One»-ը կարող է բարձրանալ ուղղահայաց եւ ինքնուրույն կարգավորել թեւերի դիրքը:

Սարքի մշակումը սկսվել է 2016 թ.-ին։ «Airbus» ընկերությունը նախատեսում է շուկա հանել այն մինչեւ 2020 թվականը: