Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-02-2018
Հենրիխ Մխիթարյանը՝ կրկին արդյունավետ Եվրոպա լիգայում
Անգլիական «Արսենալի» կազմում Հայաստանի ազգային հավաքականի ավագը մասնակցեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգա մրցաշարի 1/16 եզրափակիչ փուլի «Օստերսունդսի» հետ խաղին։



Ձմեռային երկամսյա դադարից հետո մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի մրցաշարը։ Տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբային գրանցումը փոխած Հենրիխ Մխիթարյանը (խմբ. «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխությունը Ալեքսիս Սանչեսի՝ մանչեսթերյան արկած սկսելու մի մասն էր) Չեմպիոնների լիգայի մրցաշարի փոխարեն խաղաց Եվրոպա լիգայում, որտեղ նախորդ մրցաշրջանում հաջողության էր հասել «կարմիր սատանաների» հետ։ Ի դեպ, այստեղ հայ ֆուտբոլիստը չէր կարող ելույթ ունենալ «7» համարի մարզաշապիկով, քանի որ դեռ աշնանը Ալեքսիս Սանչեսն էր հայտավորված այդ համարի ներքո։ Արդյունքում մարզական կարիերայի ընթացքում երեւի թե առաջին անգամ Հենրիխ Մխիթարյանը խաղա «77» համարի մարզաշապիկով։



«Օստերսունդս»-«Արսենալ» խաղի մեկնարկից Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում էր։ Հայաստանի ազգային հավաքականի ավագը մասնակցեց «Արսենալի» առաջին խաղակեսում իր թիմի խփած երկրորդ գնդակին։ Հենրիխ Մխիթարյանի՝ թիմակցին կատարված փոխանցմանն առաջինը հասավ մրցակցի խաղացողը՝ գնդակը սեփակ դարպասն ուղարկելով։

Երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանը կրկին ակտիվ էր։ 58-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի փախանցումից հետո աչքի ընկավ Մեսութ Օզիլը։ Սա Հենրիխ Մխիթարյանի չորրորդ գոլային փոխանցում էր «Արսենալի» կազմում։ Խաղի ավարտին մոտ՝ 84-րդ րոպեին Արսեն Վենգերը որոշեց փոխարինել Հենրիխ Մխիթարյանին՝ հասկանալով, որ արտագնա խոշոր հաշվով հաղթանակին ոչինչ չի սպառնում։



Հեղինակավոր WhoScored-ի ներկայացրած խաղի հաշվետվության մեջ Հենրիխ Մխիթարյանը հավաքել է 7.46 միավոր։ Խաղադաշտում անցկացրած 84 րոպեների ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը կատարել է 61 փոխանցում 82 տոկոս ճշգրտությամբ։ Հատկանշական է, որ նշյալ փոխանցումներից 3-ը կրել են բեկումնային բնույթ՝ վտանգավոր պահ ստեղծելով «Օստերսունդսի» դարպասի մոտ։ Հենրիխ Մխիթարյանը նաեւ 6 հարված է կատարել։

Այս շաբաթ Լոնդոնի «Արսենալը» հանդիպում չունի անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում. անգլիական ակումբի հաջորդ խաղը տեղի կունենա փետրվարի 23-ին։ Կեսգիշերն անց Եվրոպա լիգայի պատասխան խաղում «զինագործները» տնային խաղ կանցկացնեն։