Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-02-2018
Հայ դահուկորդների առաքելությունը օլիմպիական Փհենչհանում ավարտված է
Դահուկային սպորտում Հայաստանի ցույց տված արդյունքները գոհացնում են միայն մարզիկներին եւ հույս տալիս նրանց տարեցտարի բարելավել սեփական արդյունքը՝ հաղթողների համեմատ։

Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող դահուկորդներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը ավարտեցին իրենց ելույթները Հարավային Կորեայում։ Փետրվարի 15-ին ելույթ ունեցավ դահուկավազքի կանանց մրցապայքարում մեր միակ ներկայացուցիչը։ Ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում Կատյա Գալստյանը ցույց տվեց  30:25.1 արդյունք եւ զբաղեցրեց 72-րդ տեղը: Հատկանշական է, որ կանանց մրցմանը մասնակցեց 90 մարզիկ: Հայ դահուկորդն այս մրցումից հետո ավարտել է իր ելույթները Հարավային Կորեայում։ Նա բարձր տրամադրություն է ունեցել եւ բավարար է համարել գրանցված արդյունքը:

Ըստ ՀԱՕԿ-ի հրապարակման՝ մեկնարկում Կատյա Գալստյանը բավականին լավ րոպեներ է ցույց տվել, բայց մրցատարածության երկրորդ հատվածում զիջել է դիրքերը եւ ի վերջո զբաղեցրել 72-րդ տեղը։ Մրցելույթից հետո սեփական արդյունքը ամփոփել է մարզիկը. «Շատ լավ հասկանում էի, որ ուժեղ մրցակցություն է լինելու: Բայց ես էլ իմ առաջադրանքն ունեի՝ հնարավորինս լավ րոպեներ ցույց տալ: Բնական է, որ 72-րդ տեղը ոչ ոքի չի ուրախացնի: Բայց պատկերացրեք, որ ես հաղթել եմ մի շարք ուժեղ մրցակիցների, բացի այդ, մի շարք ուժեղ մրցակիցների էլ շատ քիչ եմ պարտվել: Այնպես որ, իրական գնահատական տալով ելույթիս՝ այն համարում եմ բավարար»:

Հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանը համակարծիք է իր սանին։ ՀԱՕԿ-ի կայքին տված հարցազրույցում նա նշել է. «Ես հասկանում եմ, որ նրանք, ովքեր լսում են 72-րդ տեղի մասին, արդեն մտածում են, որ մեր մարզիկը շատ թույլ է: Ես կասեի՝ մրցակիցներն են պարզապես շատ ուժեղ: Կատյան գուցե կարող էր ավելի բարձր տեղ գրավել, բայց ունեցած մարզավիճակում նա արեց առավելագույնը: Այնպես որ, ես Գալստյանի ելույթը գնահատում եմ բավարար»:

Ի դեպ, կանանց 10 կմ ազատ ոճով մրցման ժամանակ երկու մարզիկներ ցույց  են տվել բացարձակ նույն արդյունքը եւ կստանան նույն՝ բրոնզե մեդալից: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մարիտ Բյորգենը եւ ֆինն Քրիստա Պարմակոսին դարձել են բրոնզե մեդալակիրներ, արծաթե մեդալը բաժին է հասել շվեդ Շառլոտ Կալային, իսկ օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է նորվեգացի Ռագնիլ Հագան:

Փետրվարի 16-ին էլ մրցելույթները Փհենչհանում ավարտեց Հայաստանի մյուս ներկայացուցիչը դահուկային սպորտում՝ Միքայել Միքայելյանը։ Նա հանդես եկավ դահուկավազքի 15 կմ ազատ ոճ մրցաձեւում:

Միքայել Միքայելյանը ցույց տվեց 39:01.4 արդյունք եւ զբաղեցրեց 83-րդ հորիզոնականը: Նշյալ մրցաձեւում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնյան (33:43.9) արդյունքով։

Փհենչհանում Հայաստանը կներկայացնի նաեւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա դեռ սպասում է իր հերթին։ Ըստ նախնական տվյալների՝ Աշոտ Կիրակոսյանը հանդես կգա փետրվարի 22-ին: