Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-02-2018
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում
ՖԻՖԱ-ի՝ ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 91-րդ տեղը։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կրկին թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշը եւ հրապարակել նոր աղյուսակ։ Հայաստանի ազգային հավաքականը նշյալ նորացված աղյուսակի 91-րդ տեղում է։ Սա մեկ քայլ նահանջ է, եթե համեմատենք նախորդ անգամ հրապարակված ՖԻՖԱ-ի՝ ազգային հավաքականների վարկանշային աղյուսակի հետ։

Ազգային հավաքականների աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիան։ Վերջինիս հաջորդում է Բրազիլիան։ Երրորդ տեղում հանգրվանել է Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան։

Լավագույն տասնյակում են նաեւ Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան եւ Չիլին։ Լավագույն 10-յակում ընդգրկված հավաքականներից Ռուսաստանում ամռանը կայանալիք Աշխարհի առաջնությանը չի մասնակցի միայն Չիլիի ընտրանին։

Հատկանշական է, որ Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի հետ միեւնույն խմբում ընդգրկված Մակեդոնիան 74-րդն է, Լիխտենշտեյնը՝ 182-րդը, իսկ Ջիբրալթարը եզրափակում է աղյուսակը։ Այդ երկրի ազգային հավաքականը 206-րդն է՝ չունենալով եւ ոչ մի միավոր։