Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-02-2018
Հայ օլիմպիականի՝ դահուկ չունենալու հարցը՝ լուծված
Փետրվարի 18-ին Փհենչհանում ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչը լեռնադահուկային սպորտում, սակայն պարզվել էր՝ նա դահուկ չունի մարզումներ անցկացնելու համար։

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հայտնվել էր տհաճ իրավիճակում. օրեր առաջ Փհենչհան մեկնած մարզիկը մինեւ օրս մարզման չի մասնակցել, վազքուղին չի փորձարկել, քանի որ նրան չի տրամադրվել դահուկային գույք, ավելին՝ «Yerkir.am»-ը պնդում է, որ մարզիկի մարզահագուստի վրա անգամ չկա «Հայաստան» նշումը: Պարզվել է, որ Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչները խնդիրը պատճառաբանել են, թե նախատեսված ժամկետից ուշ են ստացել մարզիկի տվյալները, ինչի արդյունքում մարզահագուստի վրա համապատասխան նշումներն էլ արված չեն: Նախապես չի պատվիրվել նաեւ դահուկորդի մարզագույքը։

Ըստ էության՝ տեղի է ունեցել մեծ թյուրիմացություն, քանի որ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն իր վարկանիշային միավորները հավաքել էր դեռ հունվարի 21-ին, այսինքն՝ դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիան լեռնադահուկորդի անունը կարող էր ուղարկել Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից գրեթե 19 օր առաջ։ Խնդիրը դեռ չլուծած՝ սկսեցին խոսակցություններ տարածվել մարզիկի՝ առանց մարզագույք մնալու հնարավոր պատճառների մասին։ Նույնիսկ անուններ էին շոշափվում, խնդիրներ ներկայացվում, թե ինչու է այդօրինակ զավեշտալի դեպք պատահել։

Խոսակցություններին վերջ տալու համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն երեկ երեկոյան հայտարարություն տարածեց՝ Փհենչհանում ընթացող 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ առնչվող անցանկալի պատմության առթիվ։ Հայտարարության մեջ նշված է՝ «լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ եւ աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են»:

Իրավիճակին անդրադարձել էր նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ հավաստիացնելով, որ խնդիրը լուծված է եւ անհանգստանալ պետք չէ. «Աշոտ Կարապետյանն ունի անհրաժեշտ գույքը եւ ելույթ կունենա ըստ նախատեսվածի»։

ՀԱՕԿ-ի կողմից տարածված հայտարարության մեջ նշված է նաեւ, որ որոշ հարցեր միառժամանակ առկախ են մնացել. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանից մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները»: