Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-12-2017
Երիտասարդական պորտալի` տարվա լավագույն մարզիկների տասնյակը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Տարվա լավագույն 10 մարզիկներ մրցույթը կամփոփի դեկտեմբերի 27-ին մեծ մրցանակաբաշխությամբ, իսկ մինչև այդ Երիտասարդական պորտալն արդեն կատարել է իր ընտրությունը` օգտվելով քվեարկությանը մասնակցելու իր իրավունքից։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հայտարարած Տարվա լավագույն 10 մարզիկներ մրցույթին ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված թեկնածուները մեկը մյուսից իրապես արժանի, 2017 թ.-ի ընթացքում խոշոր, նշանակալից, երբեմն էլ բացառիկ նվաճումների հասած եւ տարբեր միջազգային մրցույթներում Հայաստանի մարզական պատիվը բարձր պահած պրոֆեսիոնալներ են։ Չընդգրկել մեկին կամ նախապատվությունը տալ մյուսին կարելի է միայն, եթե առաջնորդվենք անցնող տարվա ընթացքում նրանց արդյունքները քվեարկության ժամանակ որպես գերակա դերակատար ընդունելով։

Երիտասարդական պորտալի խմբագրությունն արդեն առանձին ներկայացրել է, թե 2017 թ.-ի ընթացքում ինչպիսի նվաճումներ են արձանագրել մրցույթի թեկնածուները, այնպես որ ըստ նշյալ արդյունքների էլ կարելի էր կազմել լավագույն տասնյակը։ Մրցույթը, սակայն, կարեւոր է նաեւ այնքանով, որ պետք է անպայման հաշվի առնել, թե ինչպիսի ներդրում ունի ընտրյալ մարզիկը Հայաստանը աշխարհում ճանաչելի դարձնելու հարցում եւս։

Մանրամասն խմբագրակազմում քննարկելով թեկնածու յուրաքանչյուր մարզիկի ներդրումը Հայաստանը ճանաչելի դարձնելու առումով եւ նվաճումները հաշվի առնելով` կազմվել է մարզիկների տարվա ամփոփիչ լավագույն տասնյակ։ Երիտասարդական պորտալը փորձել է հնարավորինս օբյեկտիվ լինել լավագույններին որոշելու ժամանակ։

Այսպես, առաջին տեղում անխոս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է։ Նա 2017 թ.-ի ընթացքում վերահաստատեց իր բարձրակարգ ֆուտբոլիստ լինելը, աչքի ընկավ Եվրոպա լիգայի մրցաշարի եզրափակիչում, ընդգրկվեց ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող այդ խոշոր առաջնության խորհրդանշական հավաքականում։ Այսօր էլ անգլիական Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստը շարունակում է ակտիվ նպաստել Հայաստանի ճանաչմանը։

Երկրորդ տեղում շախմատիստ Լեւոն Արոնյանն է։ Հայ գրոսմայստերի համար 2017 թ.-ը խիստ արդյունավետ ստացվեց, որոնց մասին խոսում են նրա նվաճումները։ Լեւոն Արոնյանը դարձավ առաջինն աշխարհում, ում հաջողվում է կարիերայի ընթացքում երկրորդ անգամ նվաճել Աշխարհի գավաթը։

3-րդ տեղում հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն է։ Տարիների տքնաջան աշխատանքը ի վերջո տվեց ցանկալի արդյունք. հայ ըմբիշը հաղթեց Աշխարհի առաջնությունում։

Մեկ այլ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը 2016 թվականին` 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի համար օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալ նվաճեց, փայլեց նաեւ Փարիզում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ` վերահաստատելով, որ իր քաշային կարգում նա մրցակցությունից դուրս է, եթե լավագույն մարզավիճակում է կամ վնասվածք չունի։

Սիմոն Մարտիրոսյանը 2017 թ.-ին նվաճեց իր մասնակցած բոլոր հնարավոր առաջնությունների ոսկե մեդալները։ Սա բացառիկ արդյունք է։ Ցավոք, հայկական ծանրամարտում բռնկված դոպինգային սկանդալի արդյունքում նա չմասնակցեց աշխարհի առաջնությանը, այլապես նա արժանի կլիներ ավելի բարձր դիրքի, քան 5-րդ տեղն է լավագույնների մարզիկների ցանկում։

Հաջորդիվ հարթականությունը հետեւյալն է`

6-րդ տեղ բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկով,
7-րդ տեղ` մարմնամարզիկ, Եվրոպայի առաջնության 3-րդ տեղ Հարություն Մերդինյան,
8-րդ տեղ` հեծանվորդ, Աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ տեղ Էդգար Ստեփանյան,
9-րդ տեղ` սամբիստ, Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյան,
10-րդ տեղում` հրաձիգ Լիլիթ Մկրտչյան (Եվրոպայի առաջնության 2-րդ տեղ):

Հ.Գ.: Թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը, կիմանանք այսօր` կայանալիք քվեարկությունից հետո։ Ի դեպ, այն այս պահին հասանելի է։