Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-12-2017
Մատենադարանի 8 ասպիրանտ կստանա կրթաթոշակ
2014 թվականից ի վեր Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի մի շարք ասպիրանտներ Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից ստանում են կրթաթոշակ: Այս տարի եւս 8 հոգի կստանա 50000-ական դրամի չափով կրթաթոշակ:



«Սա շատ կարեւոր գործ է: Ֆինանսական աջակցությունը մեծ արդյունք է տալիս. շատերը պաշտպանել են կամ մոտ են պաշտպանությանը, ներկայացնում են հոդվածներ, ակտիվորեն ներգրավված են գիտական կյանքին: Այդ օգնությունը իրենց շատ է պետք: Նախկինում կրթաթոշակ ստացած 3 տղա արդեն արժանացել են թեկնածուականի կոչմանը»,- ասաց Մատենադարանի տնօրենի՝ ուսումնամեթոդական ծրագրերի գծով խորհրդական Հայկազ Հովհաննիսյանը:



Երկրորդ տարին ասպիրանտական կրթություն ստացող Սերգեյ Մանվելյանն արդեն 2 մենագրության հեղինակ է: Այս պահին ուսումնասիրում է Պոլսի Հայոց պատրիարքարանի պատմությունն Առաջին աշխարհամարտի տարիներին: Երիտասարդ գիտնականի խոսքով՝ թեման բավականաչափ ուսումնասիրված չէ: Սերգեյ Մանվելյանն առաջին անգամ է ՀԲԸՄ-ի կողմից կրթաթոշակ ստանում:



«Գիտության մեջ առաջին քայլերն անող երիտասարդների համար շատ մեծ նշանակություն ունի կրթաթոշակի տրամադրումը: Դրանով նրանք վստահում են եւ ֆինանսական անկախություն տալիս՝ հնարավորություն ընձեռելով զբաղվել թեկնածուական ատենախոսությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց նա:



Մատենադարանի եւ Հայ բարեգործական ընդհանուր միության համագործակցությունը նոր չէ: Հայաստանի անկախության առաջին տարիներին՝ էներգետիկ ճգնաժամի ժամանակ, ՀԲԸՄ-ն ու նրա բարերարները միջոցներ են տրամադրել Մատենադարանին` գրապահոցի համար կենսական նշանակություն ունեցող օդորակիչներ, հակահրդեհային ու անվտանգության համակարգեր ձեռք բերելու համար: ՀԲԸՄ-ն հովանավորել է նաեւ Մատենադարանի մի շարք հրատարակություններ:



Ասպիրանտուրան Մատենադարանում գործում է 2012 թվականից: Այն նպատակ ունի Մատենադարանի գիտական ներուժը համալրելու նոր եւ բանիմաց կադրերով, ինչպես նաեւ աշխուժացնելու գիտահետազոտական աշխատանքները: Այդտեղ պատրաստվում են հետեւյալ ոլորտների մասնագետներ՝ պատմագրության եւ աղբյուրագիտության, համաշխարհային պատմության, գրականագիտության, արվեստի պատմության եւ տեսության: