Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-11-2017
TESLA-ն արտադրելու է էլեկտրական շարժիչով բեռնատար ու սպորտային ավտոմեքենա
Այլեւս իրականություն են էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները, սակայն ամերիկյան «TESLA» ընկերությունը որոշել է առավելապես նոր ու բարձր մակարդակի հասցնել շուկան՝ արտադրելով բեռնատար եւ սպորտային ավտոմեքենա։



Ամերիկյան «TESLA» ընկերությունը հանրությանն է ներկայացրել իր ստեղծած առաջին էլեկտրական բեռնատարը՝ «SEMI»: Մեքենան կարող է մեկ լիարժեք, ամբողջական լիցքավորմամբ ավելի քան 800 կմ տարածություն հաղթահարել, այդ թվում՝ եւ կցորդով, որը տեղափոխում է ավելի քան 36 տոննա կշռող բեռ։ 650 կմ տարածություն հաղթահարելու համար անհրաժեշտ է բեռնատարը լիցքավորել ընդամենը 30 րոպե։



Բեռնատարն ունի ինքնավար ռեժիմում ղեկավարվելու հնարավորություն, որը թույլ է տալիս մնալ ճանապարհային գծանշումներով սահմանված հատվածներում, բացի դրանից՝ կատարել համապատասխան դիրքափոխություններ, ինչպես նաեւ դուրս գալ ճանապարհից առանց վարորդի միջամտության։ Բեռնատարը 100 կմ/ժ արդյունքին հասնում է ընդամենը 20 վայրկյանում։ «SEMI»-ի արժեքի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն արտադրությունը կսկսվի միայն 2019 թվականից։



Բացի ինքնատիպ բեռնատարից՝ «TESLA» ընկերությունը հանրությանն է ներկայացրել նաեւ էլեկտրական շարժիչով սպորտային ավտոմեքենա՝ ի դեմս «Roadster»-ի, որն օժտված է լավագույն սպորտային ավտոմեքենաներին բնորոշ բնութագրիչներով։ 100 կմ/ժ արդյունքի համար «Roadster»-ին անհրաժեշտ է ընդամենը 1.9 վայրկյան։ Սպորտային այդ ավտոմեքենան կկարողանա գերազանցել նաեւ 400 կմ/ժ արդյունքը։ Ամբողջական լիցքավորմամբ հնարավոր է անցնել ավելի քան 1000 կմ: Ըստ «TESLA»-ի ղեկավար Իլոն Մասկի՝ ընդամենը մեկ լիարժեք լիցքավորմամբ հնարավոր է Լոս Անջելեսից հասնել Սան Ֆրանցիսկո ու վերադառնալ Հրեշտակների քաղաք:



Սպորտային ավտոմեքենայի արտադրությունը կսկսվի 2020 թվականից ոչ շուտ: Գինը կսկսվի 200 հազար ԱՄՆ դոլարից: