Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 18-11-2017
Հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովն ամփոփեց իր աշխատանքները
Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանին կից Աղվերան հանգստի գոտում Հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովն ամփոփեց իր աշխատանքները:

Համաժողովին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության երիտասարդության ոլորտի ներկայացուցիչներ՝ պետական պաշտոնյաներ, ազգային պետական մարմինների երիտասարդության ոլորտի պատասխանատու աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ, հետազոտողներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Մի քանի օր շարունակ հայ եւ ռուս երիտասարդները իրականացրեցին քննարկումներ մի շարք ուղղություններով. Եվրասիական տնտեսական միության նոր հնարավորությունները, երիտասարդության շարժունակություն եւ փոխազդեցություն, պետական երիտասարդական քաղաքականություն՝ սոցիալական երաշխիքներ երիտասարդներին եւ երիտասարդ ընտանիքներին, երիտասարդական նորարարություն, նախաձեռնություններ եւ առևտրայնացում, ծրագրային գործունեություն, միջազգային եւ միջտարածաշրջանային հարաբերություններ, տարածաշրջանային անվտանգություն՝ երիտասարդական հայացք, երիտասարդների զբաղվածության խնդիրներ, երիտասարդական ձեռներեցություն, երիտասարդական տեղեկատվական ոլորտ՝ էլեկտրոնային լրատվամիջոցներ, բլոգոսֆերա: Եղան ինչպես անհատական ելույթներ, այնպես էլ խմբային քննարկումներ:

Արդյունքում հայկական եւ ռուսական կողմերը հանդես եկան  ռազմավարության եւ առաջարկությունների մշակման առաջարկով, քվեարկության դրվեց ընդհանուր հայտարարագրի ընդունումը, որը միաձայն հաստատվեց: 

Հաջորդիվ կողմերը պետք է ձեռնամուխ լինեն ընդունված հայտարարագրի կետերի համատեղ կատարմանը, իսկ 2018 թվականին կայանալիք ֆորումի ժամանակ կներկայացվեն այն աշխատանքները, որոնք տարվել են մեկ տարվա ընթացքում: 

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը համաժողովի մասնակից հայ եւ ռուս երիտասարդներին հանձնեց համաժողովի մասնակցության հավաստագրեր: 

Նշենք, որ համաժողովի գլխավոր նատակն էր աջակցել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը, դյուրացնել քաղաքականության համապատասխան ոլորտներում երիտասարդական խնդիրների արծարծումը եւ խթանել երիտասարդների կարիքներին համահունչ միջոլորտային համագործակցությունը:

Պատկերասրահ՝ Հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովն ամփոփեց