Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 2017-11-16 00:09
«Կոռուպցիան գենետիկ չէ, եթե յուրաքանչյուրս գիտակցենք եւ պայքարենք դրա դեմ»
Կոռուպցիան գենետիկ չէ. վստահ են համանուն կոմիքս-գրքի հեղինակները:



Մեկ ընտանիքի հավաքական կերպարով գիրքը բացահայտում է հայաստանյան տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դեպքերը: Դրանք տեղի են ունենում տանը, դպրոցում, փողոցում, աշխատասենյակում, հիվանդանոցում: Բոլորի մասնակիցը ընտանիքի անդամներն են, իսկ առանցքում` նույն ընտանիքի անդամ, դրանց դեմ պայքարող երիտասարդը: Կաշառակերությանը մասնակից հերոսներից յուրաքանչյուրը փորձում է արդարացնել իր արարքը եւ դա համարում տվյալ իրավիճակում միակ ելքը:



Այնուամենայնիվ, դրանք ո՛չ դրական, ո՛չ բացասական հերոսներ են: Գրքում տեսնում ենք նաեւ դասախոսի կերպարը, ով տղային հավատացնում է, որ կոռուպցիայի դեմ կարելի է պայքարել` կաշառք չտալով ու չվերցնելով: Գրքույկի վերջին էջում երիտասարդը պատկերված է 10 տարի անց: Նա հավատարիմ է մնացել իր գաղափարներին:



«Մենք կոռուպցիան խրախուսող ընտանիքում ենք մեծացել, բայց գիտակցական տարիքից սկսած՝ ես փորձել եմ պայքարել դրա դեմ: Կոռուպցիան գենետիկ չէ, եթե յուրաքանչյուրս գիտակցենք եւ պայքարենք դրա դեմ»,- ասում է տղան, իսկ քույրը հպարտանում է նրանով:



«Մենք ուզում էինք բարձրաձայնել առօրյայում կատարվող կոռուպցիոն դեպքերի մասին, ցույց տալ, թե ինչ են անում մարդիկ, որ կոռումպացված հասարակություն է ստեղծվում: Գրքի բոլոր կերպարները հավաքական կերպարներ են, այսինքն՝ միջին վիճակագրական մարդը, սովորական քաղաքացին ինչպես է կիրառում կոռուպցիայի տարբեր միջոցները»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց «Էյվա» արվեստների հիմնադրամի համահիմնադիր, նախագահ Լիա Մխիթարյանը:



Հեղինակների խոսքով՝ գիրքը հիմնականում ուղղված է երիտասարդ ընթերցողներին, սակայն մատչելի է նաեւ դպրոցականների համար: Այն հրատարակվել է «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ծրագրի շրջանակում: Նպատակը կոռուպցիայի մասին իրազեկելը, կրթելն ու դրա հետեւանքների մասին տեղեկացնելն է: Նախաձեռնողները «Էյվա» արվեստների հիմնադրամն ու «Իմփաքթ Հաբ Երեւան»-ն են:



Կոռուպցիան հանցագործություն է, որը քրեորեն պատժելի է՝ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն: