Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 14-11-2017
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի մեկնարկը տրված է
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների եւ փորձագետների համար իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի մեկնարկն արդեն տրվել է:

Վերապատրաստումն իրականացնելու համար հիմք է ծառայել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի № 301-Ա/1 հրամանով հաստատված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը»: 

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի նպատակն է ՀՀ-ում երիտասարդական ծրագիր կատարող անձանց՝ համակարգված մոտեցման որդեգրումը: Հաշվի առնելով երիտասարդների համայնքի եւ երիտասարդների աշխատանքի առանձնահատկությունները՝ վերոհիշյալ աշխատանքը ենթադրում է մի շարք անձնային եւ մասնագիտական որակների համակարգ՝ տվյալ խնդիրներն արդյունավետ լուծելու համար: 

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծրագիրն ընդհանուր վերանայման է ենթարկվել, փոփոխություններ են կատարվել. «Еrit.am-ում ծրագրի մասնակցության մասին համապատասխան հայտարարություն ենք հրապարակել, ստացել ենք հայտեր, ուսումնասիրել դրանց համապատասխանությունը, այսինքն, որ բոլոր մարզերից ներգրավվեն, յուրաքանչյուր կազմակերպությունից ոչ ավելի, քան 1 հոգի, եւ իհարկե համապատասխանեն երիտասարդական աշխատանքներ ծավալելու չափանիշներին: Կարեւորը փորձառությունն է եւ իհարկե այն, որ տվյալ անձինք երիտասարդական աշխատանքներ իրականացնողներ լինեն, այլ ոչ թե պարզապես ակտիվիստներ: Մասնակիցներն այս տարի 20-են: Ցավոք, մասնակիցներ չունեցանք Վայոց ձորից եւ Սյունիքից, սակայն մյուս բոլոր մարզերից ունենք ծրագրի մասնակիցներ»:



Դավիթ Հայրապետյանի խոսքով՝ ծրագիրն ինքնին երկու փուլից է բաղկացած՝ հանդիպում-դասընթացներ եւ ինքնուրույն աշխատանքների փուլ: «Օրերս Աղվերանում իրականացվեցին վերապատրաստման դասընթացները, իսկ այս պահին մասնակիցներն իրենց նախագծերը ձեւավորելու, մենթորների հետ աշխատանքներ տանելու փուլում են: Աշխատանքային այդ գործընթացը կտեւի մեկ ամիս: Դեկտեմբեր ամսին կլինի ամփոփում: Նրանք կներկայացնեն իրենց նախագծերը, կիրականացվի ընդհանուր գնահատում եւ իհարկե սերտիֆիկացում»,- փաստեց Դավիթ Հայրապետյանը:

Անցյալ եւ այս տարվա մասնակիցների պատրաստվածության եւ ընդհանուր մակարդակի, ներուժի մասին խոսելիս նա նշեց, որ ե՛ւ անցյալ, ե՛ւ այս տարի կան շատ մեծ պոտենցիալով երիտասարդներ, իսկ վերջնական արդյունքն իհարկե կերեւա նախագծերի ներկայացման փուլում: 

Վերապատրաստում իրականացնողները եւս ընտրվել են մրցութային կարգով: Ընտրվել են նրանք, ովքեր եղել են առավել փորձառու, ունեցել են միջազգային, մասնագիտական եւ նմանօրինակ ծրագրեր իրականացնելու փորձառություն: 

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրով վերապատրաստում իրականացրած եւ երիտասարդների հետ անմիջական աշխատանք տարած մասնագետներից է Հայկ Մամիջանյանը, ով այդ ծրագրի շրջանակում արդեն 2-րդ անգամ է հանդես գալիս թրեյների դերում. «Վերապատրաստման ընթացքում խոսել եմ առաջնորդության, համոզման տեսությունների, ինչպես նաեւ մի շարք մոտիվացնող ծրագրերի մասին: Անցյալ տարվա հետ եթե համեմատեմ, ապա տարբեր խմբեր են, սակայն երկուսում էլ շատ հրաշալի երիտասարդներ կան: Եթե նախորդ տարի աշխատում էինք կազմակերպությունների ղեկավարների մակարդակով, ապա այս տարի՝ երիտասարդների հետ անմիջական աշխատող ներկայացուցիչների հետ: Կազմակերպվածության եւ ելքային արդյունքներ փնտրելու առումով եւս երկու խմբերն էլ բավականին ներուժ ունեն: Ես ակնկալում եմ, որ այս ծրագիրը վարակիչ կլինի, որպեսզի մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ոչ պետական, կգիտակցեն, որ երիտասարդական աշխատանքն իսկապես կարեւոր է եւ դրանով չի կարելի զբաղվել սիրողական մակարդակով: Ես հույս ունեմ, որ մի օր մենք կհասնենք նրան, որ երիտասարդների հետ աշխատանքը կլինի կանոնակարգված»:

Դասընթացի նախագծման աշխատանքային խմբի ներկայացուցիչներից մեկը՝ Արսեն Սիմոնյանն էլ նշեց, որ վերապատրաստման ընթացքում ինքն առավել շատ փորձել է կիսվել նախագծման հետ կապված սկզբունքների իր փորձով, այսինքն՝ թե ինչպես պետք է առհասարակ նախագծումն իրականացնել. «Ունենք շատ հետաքրքիր երիտասարդներ, որոնց մեծ մասին կարող եմ կոչել «թաքնված», քանի որ նրանք իրականում շատ լավ աշխատանքներ են իրականացնում, սակայն չեն գիտակցում, որ դա կարելի է դիտարկել որպես երիտասարդական աշխատանք: Ցավոք, այս տարի մասնակցության առումով նույն աշխարհագրական բաշխումը չունեցանք, քանի որ մարզեր կային, որոնք ներկայացված չէին, եւ դա, ըստ իս, ունի 2 պատճառ. տեղեկատվությունը չեն տեսել Erit.am-ով, կամ գուցե մարդիկ չկան, ովքեր հետաքրքրված են: Սա եւս բարձրաձայնման կարեւոր հարց է: Ես ինքս աշխատում եմ իմ փորձով ու գիտելիքներով կիսվել ծրագրի մասնակիցների հետ եւ հուսով եմ, որ փորձիս փոխանցումը դրական ազդեցություն կունենա: Եթե նրանք մատուցվածը կկիրառեն իրենց աշխատանքներում, ապա ես միայն ուրախ կլինեմ»:



Թրեյներ Արթուր Նաջարյանն էլ վերապատրաստման ժամանակ խոսել է արտերկրում երիտասարդ աշխատողների վերապատրաստման համար ընձեռվող հնարավորությունների, հանրային խոսքի եւ հռետորական վարպետության մասին: «Մասնակիցները տարբեր պրոֆիլի էին. կային ե՛ւ փորձառուներ, ե՛ւ մասնակիցներ, որոնց հստակ ուղղորդել է պետք: Դասավանդողի համար բարդ էր այնքանով, որ անհրաժեշտ էր նաեւ թեման համադրել գործնականի հետ: Ես փորձեցի տեսական մասը հնարավորինս կրճատել, որպեսզի, այսպես ասած, նորեկների համար ծանր չլիներ: Սակայն խումբը պատրաստակամ էր սովորելու առումով, ավելին իմանալու ձգտումն առկա էր: Երիտասարդներին ծրագիրն իսկապես մեծ առաջընթացի տեղ կտա, քանի որ առկա է ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական մաս: Հայաստանում, կարծում եմ, առավել շատ հենց տեսական մասն է կարեւոր, քանի որ ներկայումս շատերն իրականացնում են երիտասարդական աշխատանք, սակայն չեն գիտակցում, որ դա հենց երիտասարդական աշխատանք է: Այսինքն՝ հետեւություն, որ կա այն բացը, որ երկար տարիներ երիտասարդական աշխատողի կարգավիճակը ճանաչված չի եղել Հայաստանում, եւ ընդամենը 2 տարի է, ինչ խոսվում է դրա մասին: Երիտասարդ աշխատողներն այս ծրագրի միջոցով հասկանում են գործի բուն իմաստը, ընթացքը: Դասընթացը տեղեկատվությունն ամբողջովին ապահովում է ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնականում: Նրանք կարողանում են կիրառելի դարձնել այն գործիքակազմը եւ միջոցները, որոնք ձեռք են բերում դասընթացի ժամանակ»,- նշեց Արթուր Նաջարյանը: 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-17-ին, իսկ մինչ այդ մասնակիցները կպատրաստեն հանդիպմանը ներկայացվելիք իրենց նախագծերը: