Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-11-2017
Կկայանա Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգ
Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավոր համերգով կնշվեն Երեւանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 եւ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանները։

Այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը մանրամասներ ներկայացրեցին վաղը կայանալիք համերգի վերաբերյալ: 

Արուսյակ Պողոսյանի խոսքով՝ համերգն ինքնին բացառիկ կլինի. կհնչի կենդանի երաժշտություն, կլինեն կենդանի կատարումներ. «Մեր հիմնադրամը մեծ սիրով է մասնակցում կազմակերպչական գործընթացին, եւ սա այն համերգներից է, որից հանդիսատեսն իսկապես մեծ բավականություն կստանա, եւ իհարկե այն համերգներից է, որի տոմսերն անվճար են: Բոլոր համալսարանների ուսանողական խորհուրդներին հատկացվել են որոշ քանակությամբ տոմսեր, որպեսզի ուսանողները եւս կարողանան ներկա գտնվել եւ լսել որակյալ երաժշտություն»: 



Երվանդ Երզնկյանը մեծ ուրախությամբ նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օգնությամբ իրականացնում է մի համերգ, որի ընթացքում կհնչեն լավագույն համաշխարհային հիթերն ու հայկական էստրադայի լավագույն նմուշները: 

Խոսելով Երեւանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի մասին՝ նա փաստեց. «1997 թվականն էր, երբ ռեկտոր Արմեն Սմբատյանն ասաց Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի բացման մասին: Ես եւ Մարտին Վարդազարյանն անցանք գործի: Առաջին տարում մենք ունեցանք 4 ուսանող, սակայն հետագայում նրանց թիվն ավելացավ: Այն արդեն 20 տարի գործում է, եւ այդ բաժնում դասավանդում են շատ լավ երաժիշտներ՝ Էմմա Պետրոսյանը, Գեորգի Մանգասարյանը, Մարտին Վարդազարյանը եւ այլք: Մեր շրջանավարտներն իսկապես լավ կադրեր են, ովքեր, անխոս, կարող են արտերկրում իրենց փորձով ու հմտություններով աշխատել: Ես միշտ ասում եմ, որ ուսանողական տարիների ընթացքում շատ բանի կարելի է հասնել: Մինչեւ 25 տարեկանը պետք է շատ աշխատել, դրանք լավագույն տարիներն են»:



Երվանդ Երզնկյանը նաեւ անկեղծացավ ու նշեց, որ 32 տարեկանում է ընդունվել Կոնսերվատորիա, քանի որ մինչ այդ սովորել է Պոլիտեխնիկում, ծառայել բանակում: Պոլիտեխնիկը, սակայն, դարձել է նրա՝ երաժշտությամբ զբաղվելու խթանը, քանի որ այնտեղ ընկերներով հիմնել են «Երազողներ» հայտնի ռոք խումբը: 

Հավելենք նաեւ, որ համերգին հանդես կգան Սոնա Ռուբենյանը, Նաիրա Մանուչարյանը, Քրիստինե Պեպելյանը, Մաշա Մնջոյանը, Էմմա Ասատրյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը եւ այլք: