Նյութը՝ Մասիսի զարգացման հիմնադրամ
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-11-2017
Պարգեւատրվել են հաղթող թիմի անդամները
Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրի ֆուտզալի խաղադաշտում «Դաշտավան» եւ «Դարակերտ» թիմերը պայքարել են մրցաշարի հաղթողի տիտղոսի համար:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին մեկնարկել էր «AFFA» հիմնադրամի եւ Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Մասիսի տարածաշրջանային ֆուտզալի առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են Մասիսի տարածաշրջանի 12 թիմեր: Խաղերն անցել են երկու ենթախմբերում, որոնցից երկու լավագույն թիմերը դուրս եկան կիսաեզրափակիչ փուլ: 

Խաղին հրավիրված են եղել նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Մասիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարտիրոսյանը, Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, հայտնի հյուրեր եւ թիմերի բազմաթիվ երկրպագուներ: «Դարակերտ»-«Դաշտավան» հանդիպումն ավարտվել է 1-4 հաշվով՝ հօգուտ «Դաշտավանի»: 

Խաղի ավարտից հետո տեղի է  ունեցել մրցանակաբաշխության արարողություն: Մասիսի զարգացման եւ «AFFA» հիմնադրամի կողմից կազմակերպված մրցաշարի խաղերը բարձր մակարդակով սպասարկելու համար շնորհակալագրերով են պարգեւատրվել մրցավարներ Ժան Ավետիսյանը, Էդուարդ Միքայելյանը: Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց «Հովտաշատ» թիմի դարպասապահ Նազար Գեւորգյանը, լավագույն ռմբարկու՝ «Դարակերտ» թիմի հարձակվող Վլադիմիր Ուրիխանյանը, լավագույն խաղացող՝ Մասիսի «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստ Անդրանիկ Հակոբյանը: 

Մասիսի զարգացման հիմնադրամի եւ «AFFA» հիմնադրամի կողմից երրորդ տեղը գրաված «Հովտաշատ» թիմը պարգեւատրվեց 500.000, երկրորդ տեղը գրաված «Դարակերտ» թիմը՝ 1.000.000, «Դաշտավան» թիմը՝ 2.000.000 դրամով: Հաղթող թիմին մրցաշարի գլխավոր մրցանակը՝ 2017 թվականի Մասիսի տարածաշրջանային ֆուտզալի առաջնության պատվավոր գավաթը հանձնեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: