Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-11-2017
Կայացավ Կույրերի միջազգային օրվան նվիրված համերգը
Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում նոյեմբերի 13-ին կայացավ Կույրերի միջազգային օրվան նվիրված համերգ, որը կազմակերպել էր «Եղիցի Լույս Կույրերին» բարեգործական հասարակական կազմակերպությունը:

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպության նախագահ Մարո Մեսրոպյանը փաստեց, որ նմանօրինակ մասշտաբի համերգ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվել: 

«1745 թ.-ի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հայտնի մանկավարժ Վալենտին Գայուին, ով Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում հիմնել է մի քանի դպրոց եւ հաստատություն կույրերի համար։ 1784 թվակնին իր միջոցներով Փարիզի իր տանը նա բացեց աշխարհում առաջին կույր երեխաների դպրոցը, որը կոչվում էր «Աշխատող կույրերի արհեստանոց»։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ՝ Գայուիի ծննդյան օրը սահմանվել է որպես Կույրերի միջազգային օր: Չնայած ֆինանսական մեծ դժվարություններին՝ նա կարողացավ ստեղծել դպրոցին կից տպարան եւ այնտեղ հրատարակեց ուռուցիկ-գծային «ունցիալ» տառատեսակով տպագրված մի քանի գիրք կույրերի համար։ Դրանք աշխարհում կույրերի համար առաջին գրքերն էին։ Այդ գրքերով էին տեսողություն չունեցող մարդիկ սովորում՝ մինչեւ Բրայլի վեցակետ տառատեսակի ի հայտ գալը»,- նշեց Մարո Մեսրոպյանը: 



Նրա խոսքով՝ այսօր ելույթով հանդես կգա «Լույս» երգչախումբը, որը ստեղծվել է ավելի վաղ՝ 10 ամիս առաջ, քան կազմակերպությունը (6 ամիս): 

«Ունեցել ենք բազմաթիվ ելույթներ Երեւանում, Արցախում, Թբիլիսիում: Չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը տեղի խնդիր ունի, սակայն շարունակում ենք մեր փորձերը: Մշակույթի տանն այլեւս չենք կարողանում փորձեր իրականացնել, ուստի շատ կցանկանայինք, որպեսզի կույրերին մի փոքր ուշադրություն հատկացվի: Երգչախմբում շատ տաղանդավոր երգիչներ կան: Դեռեւս 12-ն են, իսկ հետագայում նախատեսում ենք ավելացնել»,- ասաց Մարո Մեսրոպյանը եւ հավելեց, որ «Լույս» երգչախմբի անդամները մեկ ընտանիքի պես են:

Հավելենք, որ համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի երգերը: 

Հ.Գ.: Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր թեեւ ինչ-որ բանով տարբերվում են մեզնից, սակայն նրանք էլ մեր հասարակության լիիրավ անդամներն են:  

Պատկերասրահ՝ Կույրերի միջազգային օրվան նվիրված համերգ