Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 10-11-2017
Մեկնարկել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը
Նոյեմբերի 10-ին Դիլիջանում մեկնարկեց 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը, որն անցկացվում է «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո:

2 օր շարունակ՝ նոյեմբերի 10-ին եւ 11-ին, կրթական, տեխնոլոգիական եւ գործարար այլ ոլորտների տեղական եւ միջազգային փորձագետները կծավալեն թեմատիկ քննարկումներ, կներկայացնեն ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ինչպես նաեւ կձեւավորեն հետագա գործողությունների արդյունավետ պլան: Այլ կերպ ասած՝ դա ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է: 

Այս տարի միջոցառմանը մասնակցելու նպատակով Դիլիջան են ժամանել պետական եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, տեղական եւ արտասահմանյան փորձագետներ (Գերմանիա, Բելգիա, Ռումինիա), իսկ Հայաստանից՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, «Ucom», «Դ-Լինկ», «Մեյսիս Թեք», «Ֆայմտեք», Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների, ԳԿՀ-ի եւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:

Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Eritasard.am-ի հետ զրույցում նշեց, որ Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումն արդեն 5-րդ անգամ է անցկացվում.  «Ժամանակին, երբ նախաձեռնվում էր իրականացնել այս ծրագիրը, կար հստակ նպատակ. այն է՝ ստեղծել մի հարթակ, որտեղ կքննարկվեն Հայաստանի ինովացիոն խնդիրները, զարգացման հեռանկարները: Դիլիջանը հատուկ է ընտրված, քանի որ մշտապես այստեղ ենք անցկացնում եւ. կարելի է ասել, ձեւավորում ենք հայկական «Դավոս»: Եթե Դավոսում քննարկվում են համաշխարհային հարցեր, ապա այստեղ քննարկում ենք Հայաստանի հետ կապված հարցերը: Մեր միության առաքելությունը Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիական երկիր վերականգնելն է, եւ իհարկե գլխավոր խնդիրը մի շարք ոլորտների զարգացմանը զարկ տալն է: Պետք է աշխատել շարժվել նորարարական ճանապարհներով ու տեխնոլոգիաներով, քանի որ եթե սովորական ճանապարհներով ենք առաջնորդվում, ապա ոչ մի կերպ հնարավոր չէ վերականգնվել որպես բարձր տեխնոլոգիական երկիր: Տեխնոլոգիաները շատ արագ փոխվում են, ուստի կարիք է զգացվում ճշգրտելու շարժման ուղղությունը՝ արդյո՞ք ճիշտ ենք շարժվում առաջ, թե՞ ոչ»:

Չնայած Հայաստանը դեռեւս այս ոլորտում ցածր դիրքերում է, սակայն Կարեն Վարդանյանի խոսքով՝ մենք ունենք պոտենցիալ: Հիմնական խնդիրն այդ պոտենցիալի գործարկումն է. «Այդ ամենին զարկ տալու համար պետք է առաջին հերթին սկսել կրթությունից՝ հանրակրթական եւ մասնագիտական: Գաղտնիք չէ, որ լավ մասնագետներ պատրաստելու համար պետք է կարգավորել հենց կրթական ոլորտը, մասնավորապես բուհերը վերափոխել ու գիտահետազոտական կենտրոններ ձեւավորել: Դա մի քանի խնդիրների լուծում կտա: Երկրորդը՝ աշխարհի հետ շփման ապահովումն է, որպեսզի գործընկերները հստակ իմանան, թե ինչու են հենց Հայաստանի հետ աշխատում: Չպետք է մոռանալ, որ տեխնոլոգիական ոլորտը համաշխարհային բնույթ է կրում, ուստի պետք է անընդհատ փոխգործակցություն ու շփում ծավալել: 3-րդը՝ պետությունը՝ որպես պատվիրատուի դերում հանդես գալն է. թե որքանով է պետությունը պրոֆեսիոնալ կերպով իրեն դրսեւորում՝ ճիշտ պատվեր տալու առումով, եւ որքանով են մոտեցումները նորարար: Եվ իհարկե 4-րդ եւ ամենակարեւոր խնդիրը՝ ժողովրդի կոնսոլիդացիայի հարցն է, որպեսզի նրանց համախմբենք նորարարական զարգացումների շուրջ»: 

Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը կարծում է, որ Բիզնես ինովացիոն ֆորումը հիանալի հարթակ է ոլորտի խնդիրները քննարկելու համար. «Ֆորումի ժամանակ քննարկում ենք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թվայնացումը՝ որպես նոր հնարավորություն Հայաստանի տնտեսության զարգացման համար, գիտահետազոտական մշակույթը՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում, նորարարական աճի ուղղությունները. Հայաստանի նորարարության ռազմավարությունը, մտավոր սեփականություն եւ տեղեկատվական անվտանգության խնդիրներն ու լուծումները, Հայաստանի ՏՀՏ եւ ԲՏ կրթության ապագան: İT ոլորտը վերջին ժամանակներս սկսել է մեծ տեղ զբաղեցնել մեր կյանքում: Այն անհնար է առանձնացնել թե՛ բիզնեսի, թե՛ արտադրության, թե՛ առօրյա ոլորտում: Ինովացիաները շատ կարեւոր են մեր բիզնեսի լավացման համար»:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Մարիա Նեհերն իր հերթին եւս փաստեց ֆորումի կարեւորության մասին՝ նշելով, որ ֆորումին հավաքվել են տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ, ովքեր համատեղ կքննարկեն կարեւոր հարցեր. «Այս ֆորումն այն հարթակն է, որը հնարավորություն կտա քննարկումների միջոցով տարբեր հարցեր բարձրաձայնել, քննարկումներ ծավալել, փորձով կիսվել»: 

Ֆորումն անմասն չի մնացել նորարարական հավելվածները ներկայացնելուց: «Chessify» ստարտափի հեղինակները ստեղծել են մի հավելված, որը թույլ է տալիս հեռախոսով գրքից նկարել շախմատի խնդիրը, թվայնացնել, ստանալ խաղաքարերի դիրքի վերաբերյալ վերլուծություններ: Անդրոիդ համակարգում մոտ 10000 ներբեռնում է ունեցել: 



«Chessify»-ի համահիմնադիր եւ ղեկավար Գոռ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Chessify»-ն ամպային սարքավորումների շնորհիվ լուծում է պրոֆեսիոնալ շախմատիստների պարապելու խնդիրը. «Գրքից խնդիրը հեռախոսով նկարել, թվայնացնել ու հանգիստ աշխատել, տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը։ Դրանից բացի՝ կա նաեւ անալիզատոր, որը ոչ թե պարզապես լուծումն է ասում, այլ խաղաքարի որոշակի դիրքի վերաբերյալ հնարավոր երեք քայլ է ցույց տալիս, ասում է՝ այդ դիրքում սպիտակն է ուժեղ, թե՝ սեւը, եւ թե որքանով է ուժեղ։ Այսինքն՝ երեխան կարող է փորձել, եթե չստացվի, նոր օգտվի այդ գործառույթից ու երեք քայլերից ընտրի իր ուզածը»:

Այն հարցին, թե ինչու նշված չէ, որ ծրագիրը հայկական է, Գոռ Վարդանյանն ասաց, որ կան որոշակի խնդիրներ, գումարային հարցեր, որոնք կարգավորելու դեպքում հնարավոր է նշել դրա հայկական լինելը. «Ծրագիրն իհարկե կթարմացվի ընթացքում, իսկ հետո նաեւ կդառնա վճարովի հիմունքներով: Այս հարցերը եւս դեռեւս քննարկումների փուլում են, սակայն ուրախ ենք, որ ստեղծել ենք նման հավելված, որը օգնում է ոչ միայն աշակերտներին, շախմատի սիրահարներին, այլեւ գրոսմայստերներին»: 

Նշենք, որ 5 ուղղությունների քննարկումներն իրականացվում էին աշխատանքային խմբերի միջոցով, որոնց հաջորդում էին ընդհանուր քննարկումներն ու եզրահանգումները: 

Հիշեցնենք նաեւ, որ ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Գործընկերների թվում են «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ԳԴՀ-ի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: