Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-11-2017
5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումն այս տարի եւս կանցկացվի Դիլիջանում
Նոյեմբերի 10-11-ը Դիլիջանում տեղի կունենա 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը, որը կանցկացվի «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո:

Միջոցառմանը կմասնակցեն պետական եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, տեղական եւ արտասահմանյան փորձագետներ (Գերմանիա, Բելգիա, Ռումինիա): Հայաստանից կմասնակցեն Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, «Ucom», «Դ-Լինկ», «Մեյսիս Թեք», «Ֆայմտեք», Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների, ԳԿՀ-ի եւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:



Ֆորումին ընդառաջ՝ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Բանախոսներ, Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը մանրամասներ ներկայացրեցին ֆորումի վերաբերյալ:

Կարեն Վարդանյանի խոսքով՝ յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ Հայաստանի համար կարեւոր է տեխնոլոգիաների զարգացումը. «Առանց նորարարական քաղաքականության եւ նորարարական գործընթացների հնարավոր չէ պատկերացնել երկրի լիարժեք զարգացումը: Որպեսզի այդ գործընթացները քննարկեինք, մեզ անհրաժեշտ էր ստեղծել հարթակ: Այդպիսով ստեղծվեց Բիզնես ինովացիոն տեխնոլոգիաների ֆորումը, որն առկա խնդիրները վեր հանելու, դրանք քննարկելու, առաջարկներով հանդես գալու ու փորձով կիսվելու հնարավորություն տվեց»:



Կարեն Վարդանյանը հույս հայտնեց, որ այս տարի եւս արդյունավետ քննարկումներ կծավալվեն: «Պետք է հիշել եւ հաշվի առնել, որ տեխնոլոգիաները զարգանում են, ուստի պետք է քայլել դրանց զարգացմանն ու աշխարհին համահունչ»,- նշեց նա եւ ներկայացրեց քննարկման ուղղությունները.

1. Թվայնացումը՝ որպես նոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար,
2. Գիտահետազոտական մշակույթը՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում,
3.Նորարարական աճի ուղղությունները. Հայաստանի նորարարական ռազմավարությունը,
4. Մտավոր սեփականության եւ տեղեկատվական անվտանգության խնդիրներն ու լուծումները,
5. Հայաստանի ՏՀՏ եւ ԲՏ կրթության ապագան։



«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերն էլ մեծ ոգեւորությամբ եւ ուրախությամբ խոսեց ֆորումի եւ դրա կարեւորության մասին: Նրա խոսքով՝ ծրագիրն աջակցում է ՓՄՁ-ներին. «Մենք անում ենք ամեն հնարավորը՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար, քանի որ տեսնում ենք, որ իսկապես կան մեծ հնարավորություններ Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար: Ինչ խոսք, 5-րդ ֆորումը յուրահատուկ հարթակ կլինի»:

Նշենք, որ Բիզնես ինովացիոն ֆորումը ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից: