Նյութը՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-11-2017
Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային ելեւէջները
Սիրված ու սպասված. հենց այսպես կարելի է բնորոշել «Խաչատրյանը եւ ջազը» նախագիծը, որը հանդիսատեսին է հրամցնում մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունների ջազային ելեւէջները: 5-րդ հոբելյանական խաչատրյանական փառատոնի շրջանակում նախագիծը ներկայացվեց արդեն երրորդ անգամ:

Նոյեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբերը ներկայացրին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, ինչպես նաեւ հատվածներ կոմպոզիտորի «Գայանե» եւ «Սպարտակ» բալետների, «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից: Նշենք, որ այդ գործերի ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը եւ Անդրանիկ Բերբերյանը:

Որպես մենակատարներ հանդես եկան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։ Նվագախմբերը ելույթ ունեցան դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի եւ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փաստում է՝ ուրախ է, որ «Խաչատրյանը եւ ջազը» այս տարի նույնպես հնչում է խաչատրյանական փառատոնի շրջանակում: 

«Երբ ծրագրում էինք նախագիծը, մտածում էինք թե ինչպես կընկալեն, ինչպիսին կլինի Խաչատրյանի եւ ջազի միաձուլումը: Ամեն ինչ ստացվեց: Խաչատրյանի երաժշտությունը շատ հայտնի ջազ երաժիշտների է ոգեւորել: Այն միջազգային չափանիշներին ավելի քան համապատասխան նախագիծ է»,-նշում է Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ նախագիծը չի կարող չգնալ հյուրախաղերի, եւ այն պետք է ներկայացնել նաեւ դրսում: 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը նույնպես ցանկանում են, որ նախագիծը դուրս գա Հայաստանի սահմաններից: Երկու երաժիշտները փաստում են՝ թեեւ Խաչատրյանը ջազ ստեղծագործություններ չի հեղինակել, սակայն մեծ է անվանի կոմպոզիտորի դերը մեր երկրում ջազի կայացման գործում: 

«Խաչատրյանի երաժշտության մեջ տեղ կա ջազային մտածելակերպի, ջազային ներկայության, ջազային լեզվամտածողության համար: Խաչատրյանի ժամանակակիցները՝ ջազ երաժիշտները, ոգեշնչված ու ազդված են եղել Խաչատրյանի երաժշտությամբ եւ ոգով: Պետք է նշել, օրինակ, Մայլզ Դեւիսին, ով իր ինքնակենսագրական գրքում խոստովանում է, որ իր վրա մեծ ազդեցություն է թողել Խաչատրյանի երաժշտությունը»,- նշում է Արմեն Հյուսնունցը: 

«Արամ Խաչատրյանը եղել է ջազի առաջին սատարողը Հայաստանում: Նրա շնորհիվ ջազային երիտասարդություն բացահայտվեց, նրա շնորհիվ Հայաստանի ջազ նվագախումբն այդ տարիներին ստացավ փորձասենյակ, գործիքներ: Պետք է ասենք, որ Խաչատրյանը շատ մեծ կապ ունի Հայաստանի ջազի կայացման հետ»,- փաստում է Վահագն Հայրապետյանը:

Նշենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այդ տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Պատկերասրահ՝ «Խաչատրյանը եւ ջազը» նախագիծը