Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-11-2017
Կոմպոզիտորների միությունը դեռ երիտասարդ է եւ բազում անելիքներ ունի
«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 6-ին կայացավ Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորեց միության կազմավորման 85-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով ստեղծագործական նոր հաջողություններ՝ ի փառս հայ երաժշտարվեստի եւ հայ ժողովրդի:

Ծրագրում հնչեցին՝
Արամ Խաչատրյան՝ «Ադաջիո» «Սպարտակ» բալետից,
Էդվարդ Միրզոյան՝ «Շուշանիկ», 
Ավետիս Բերբերյան՝ «Ադաջիո», 
Մարտուն Իսրայելյան՝ «Ձոն»,  
Արամ Սաթյան՝ «Հայրենիք իմ սուրբ» եւ այլն:
 
Կոմպոզիտորների միության հոբելյանի կապակցությամբ Սերժ Սարգսյանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի, ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ հիմնադրման 85-ամյակի առթիվ պետական բարձր պարգեւներ հանձնեց եւ կոչումներ շնորհեց միության անդամ մի խումբ արվեստագետների:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին շնորհվեց Ժողովրդական արտիստի պատվավոր կոչում, երաժշտարվեստի բնագավառում ունեցած ներդրման համար «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրվեցին Արմեն Բուդաղյանը եւ Սուրեն Զաքարյանը։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միությունը դեռ շատ անելիքներ ունի. «Կոմպոզիտորների միությունը դեռ 85 տարեկան է եւ բազում անելիքներ ունի: Այն դեռ երիտասարդ է, քանի որ ամբողջ աշխարհում կոմպոզիտորների ինստիտուտները մոտ 500 տարեկան են»:

Երեկոն եզրափակվեց Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգով: