Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-11-2017
Նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին
Երեւանի պատմության թանգարանում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց հինգ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային:



Ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ այլք:



Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ողջունեց ներկաներին եւ նշեց, որ մեծ հպարտություն է ունենալ նման մեծություն, ինչպես Հովհաննես Այվազովսկին է կամ, ինչպես ինքն էր հայկական թեմաներով նկարների վրա մակագրում, Հովհաննես Այվազյանը: 



«Շատ ազգեր կերազեն նրա նման մեծություն ունենալու մասին: Թուրքերը սկսել են ապացույցներ ու փաստեր հավաքել, որ իբրեւ Այվազովսկին թուրքական արմատներ ունի: Դա խոսում է այն մասին, որ նա իսկապես մեծություն էր: Մենք՝ հայերս, նրան հայ նկարիչ ենք համարում, ռուսները՝ ռուս, իսկ աշխարհը՝ համաշխարհային նկարիչ: Ոչ մի նկարիչ չի կարողացել ծովը պատկերել այնպես, ինչպես դա արել է Հովհաննես Այվազովսկին, ով իր նկարներում արտացոլել է իր հույզերը, մտորումները»,- ասաց Կարեն Աղամյանը: 



Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն իր հերթին փաստեց, որ դա իրական իրադարձություն է, ինչը եւս մեկ անգամ փաստում է Հովհաննես Այվազովսկու աննկարագրելի վաստակի մասին: Հովիկ Մուսայելյանը շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետարանին, Երեւանի պատմության թանգարանին եւ նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն նմանօրինակ նախաձեռնության իրականացման գործում: 



Նշենք, որ 170, 220, 230, 380 եւ 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշների վրա ներկայացված են աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը՝ պատկերված եռաչափ ցուցասրահի խորապատկերին: Հինգ նամականիշներով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի գաղափարը պատկանում է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին: Դիզայնի հեղինակներն են Աննա Աբգարյանը եւ Հարություն Սամուելյանը: 



Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Տարոն Մարգարյանը, Արմեն Ամիրյանը, Արման Խաչատրյանը, Խուան Պաբլո Գեչիջյանը եւ Հովիկ Մուսայելյանը: