Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 06-11-2017
Մելքոնյան քույրերի բարեգործական համերգը՝ Երեւանում
Նոյեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ դասական երաժշտության բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան մոսկվաբնակ պատանի երաժիշտներ 14-ամյա Եվա եւ 12-ամյա Դիանա Մելքոնյանները։



Մելքոնյան քույրերը Մոսկվայի Գլինկայի անվ. արվեստի մանկական դպրոցի դաշնամուրի դասարանի աշակերտներ են: Դա նրանց առաջին ելույթն էր Հայաստանում։



Բարեգործական համերգի ընթացքում հնչեցին Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Շոպեն, Չայկովսկի, Արամ Խաչատրյան, Սեն Սանս, Պիացցոլա, Առնո Բաբաջանյան, Ֆինոգենով, Սլոնիմսկի եւ այլն։ 



Համերգի ողջ հասույթը տրամադրվեց «Բարի մամա» բարեգործական կազմակերպության վերականգնողական կենտրոնի «Բարի տնակի» շինարարությանը։



Տաղանդավոր Եվա եւ Դիանա Մելքոնյանների մենահամերգի ընթացքում թափանցիկ արկղիկում հավաքվեց 87.000 դրամ, իսկ ահա ընտանիքի կողմից կազմակերպությանը տրամադրվեց  1000 ԱՄՆ դոլար: 



Հիանալի երեկո, ջերմ եւ բարի մթնոլորտ եւ անվերջ հնչող ծափահարություններ… Կազմակերպիչները չեն բացառում, որ աղջիկների հաջորդ մենահամերգը անց է կացվելու «Բարի տնակի» այգում:



Հ.Գ.: Քույրերը «AVE BOHEMIA» միջազգային մրցույթի եւ արվեստի փառատոնի 1-ին աստիճանի դափնեկիրներ եւ ոսկե մեդալակիրներ են «Գործիքային կլասիկա» անվանակարգում (Պրահա, 22.03.2015), ինչպես նաեւ ՌԴ Բաց տարածաշրջանային մրցույթի 1-ին աստիճանի դափնեկիրներ (2014 թվական) եւ «Երկու անգամ երկու՝ չորս» դաշնամուրային անսամբլների բաց շրջանային մրցույթի 3-րդ աստիճանի դափնեկիրներ (2015 թ., Մոսկվա եւ Տրոյիցկ քաղաքներ):