Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Մարս Վարդանյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 05-11-2017
«Հաջողության գրավականը». տաղանդավոր ծրագրավորող, ով վերադարձել է հայրենիք՝ գործունեությունն այստեղ ծավալելու նպատակով
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Շարք, որի շրջանակում խոսվում է հայ երիտասարդների մասին, ովքեր երիտասարդ տարիքում արդեն հաջողությունների են հասել: Այս անգամ կպատմենք 27-ամյա ծրագրավորող Մարս Վարդանյանի մասին:

Ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունները…

Ծրագրավորման ոլորտն ինձ սկսել է հետաքրքրել դեռ փոքր տարիքից: Ինչպես բոլորը, այնպես էլ ես սկսել եմ փոքր դետալների ուսումնասիրությունից: Հետո հաճախել եմ դասերի, որոնց ժամանակ հետաքրքրությունս ոլորտի հանդեպ ավելի է մեծացել: Սկսել եմ ուսումնասիրել, ծանոթանալ, սովորել նոր տեխնոլոգիաներ եւ իհարկե առավել զարգացնել ու խորացնել գիտելիքներս: 

20 տարի բնակություն Բելգիայում եւ հայրենիք վերադառնալու որոշում…

20 տարի ապրել եմ Բելգիայում: Ընտանիքս այնտեղ է, սակայն ես որոշեցի գալ Հայաստան ու այստեղ ծավալել գործունեությունս: Ընտանիքում մենք միշտ բացառապես հայերեն ենք խոսել: Այդ տարիների ընթացքում մշտապես Հայաստան վերադառնալու ցանկություն է եղել: Ճիշտ է, մտածում էի, որ վերադառնամ հայրենիք, դժվար կլինի, կբախվեմ շատ դժվարությունների հետ, դժվար կհարմարվեմ միջավայրին, ոլորտին, սակայն ստացվեց լրիվ հակառակը: Ավելին, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ եւ բոլորովին չեմ զղջացել, որ վերադարձել եմ: Հատկապես ուրախ եմ, որ այստեղ եմ հիմա գործունեություն ծավալում: 

Բելգիական «Appwise» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հիմնում, ղեկավարում…

Բելգիայում գտնվող «Appwise» ընկերությունում աշխատել եմ 5 տարի, եղել եմ թիմի առաջին 3 անդամներից մեկը: Հիմնադրի հետ բանակցեցի Հայաստանում մասնաճյուղ բացելու հարցով եւ վերադառնալով Հայաստան՝ բացեցի «Appwise» ընկերության հայաստանյան մասնաճյուղը: Եվ կարծում եմ, որ այս 6 ամիսների ընթացքում մենք կարողացանք արդարացնել մեզ: Ներկա պահին ունենք 9 աշխատող, իսկ հետագայում մտածում եմ թիմս մեծացնելու մասին: Ինձ համար մի քանի նախապայմաններ կան, որոնցով պետք է օժտված լինի այն մարդը, ով պետք է աշխատի ինձ հետ եւ մեր թիմում: Առաջին հերթին պետք է օժտված լինի մարդկային դրական հատկանիշներով, լինի աշխատասեր, նվիրված ու պարտաճանաչ: Բնականաբար, այդ հատկանիշներին պետք է գումարվեն տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները: Յուրաքանչյուր ոլորտում, կարծում եմ, կարեւոր են մարդկային հարաբերությունները, որպեսզի գործնական եւ ընկերական հարաբերությունները լինեն տարանջատված: Երբ այդ երկուսը անջատ են լինում, ապա դրանից շահում ես դու, քո շրջապատը եւ իհարկե աշխատանքդ: Ես շատ ուրախ եմ, որ ունենք հենց այդպիսի թիմ: 



Առանձնացող եւ սեփական աշխատելաոճը…

Մենք պատվիրատուների հետ աշխատում ենք անմիջական կապով, երրորդ կամ չորրորդ կողմ աշխատանքային բանակցություններում չկա: Արտասահմանցիների հետ աշխատելը լրիվ այլ է, նրանք լրիվ այլ մտածելակերպ ունեն: Նրանք հստակ գիտեն՝ ինչ են ուզում, ինչ ժամկետներում: Բացի դրանից՝ շատ պատասխանատու են մոտենում ցանկացած, անգամ փոքր հարցին: Անկեղծ ասած, բանակցություններում ու շփման առումով նրանց հետ ավելի հեշտ է, քան հայերի:  

Ինչ վերաբերում է թիմի անդամների ընտրությանը, ապա զարմանալի է, սակայն Հայաստանում ավելի շատ իգական սեռի ներկայացուցիչներն են CV-ներ ուղարկում, քան արական, իսկ Բելգիայում լրիվ հակառակ պատկերն էր: Մեզ մոտ սեռային խտրականություն իրականում չկա, այլ պարզապես լավ մասնագետներն են քիչ: CV-ներն ուսումնասիրում ենք, հրավիրում հարցազրույցի, անցկացնում փորձաշրջան, որպեսզի այդպիսով պատկերացում կազմենք, թե տվյալ անձն ունակ է աշխատելու, թե՝ ոչ: Փորձաշրջանը կարեւոր ընթացք է, քանի որ այն գործատուին թույլ է տալիս տեսնել աշխատողի կարողությունները, ներուժը եւ իհարկե հետագա աճը: Սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ աշխատողի համար, քանի որ նա այդպիսով կարողանում է ինքնադրսեւորվել, փորձ ձեռք բերել, եւ իհարկե սովորել ու համալրել իր գիտելիքի պաշարը: 

Լավ մասնագետ դառնալու ճանապարհը եւ սեփական փորձը…

Ծրագրավորողի համար առաջնային խնդիր պետք է լինեն պատասխանատվության զգացումն ու որակի ապահովումը: Պատասխանատվության զգացումից շատ բան է կախված: Այդպիսով տվյալ մասնագետը կարողանում է տեղավորվել ե՛ւ նշված ժամկետներում, ե՛ւ ապահովել որակ, ե՛ւ գոհ լինել իր աշխատանքից: Ցանկացած ծրագրավորողի համար լեզու իմանալը եւս պարտադիր նախապայմաններից է: Շատերը կարծում են, որ ռուսերենն առավել կարեւոր է, սակայն աշխարհը զարգանում է ոչ միայն ծրագրավորման ոլորտում, այլեւ մյուս ոլորտներում եւս: Մենք տեսնում ենք, որ անգլերենի իմացությունը շատ կարեւոր է: Մեր պատվիրատուների հետ մենք անգլերենով ենք շփվում, եւ առհասարակ շատ քիչ են այն կազմակերպությունները, որ այդ ոլորտում ռուսերեն են վարում բանակցությունները: 

Հայաստանում ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր, փորձի փոխանակում…

Ներկա պահին ես փորձում եմ Հայաստանում ներդնել ծրագրավորման այն մշակույթը, որն այնտեղ էր՝ Բելգիայում: Այդպիսով մենք կկարողանանք մեր որակական հատկանիշներով գրավել Եվրոպայի ուշադրությունը: Հայաստանում, իրականում, մարդիկ ոլորտում առավել շատ կենտրոնացած են՝ ֆինանսական կողմի մասին մտածելով: Իհարկե, դա հասկանալի է, սակայն այդ պարագայում որակական մասը 2-րդ պլան է մղվում: Դրսում պատկերը լրիվ այլ է. մասնագետն իր գործն անում է, քանի որ այն իրեն դուր է գալիս, հաճույք պատճառում: Անշուշտ, ֆինանսականը եւս կարեւորվում է, սակայն դա թերեւս երկրորդական է: Պետք է նշեմ, որ Հայաստանում եւս կան մարդիկ, ովքեր հաճույքով են անում իրենց աշխատանքը, իսկ մեզ հենց այդպիսի կադրեր են պետք: Միշտ հաճելի է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր աշխատում են նվիրված եւ սիրով:



Հայրենիքում մշտական մնալն ու ավելիին հասնելու ձգտումները…

Որքան զարմանալի է, սակայն այս պահին (կարծում եմ նաեւ հետո) չեմ մտածի Հայաստանից կրկին գնալու մասին: Ճիշտ է, սկզբում, ինչպես նշեցի, դժվար էր, քանի որ ամեն դեպքում երկար տարիներ դրսում ապրելուց հետո հայրենիքում քեզ զբոսաշրջիկի կարգավիճակում ես զգում: Սակայն հիմա վստահորեն կարող եմ ասել, որ հաղթահարել եմ այդ փուլը:  Իրականում դեռ շատ բան ունեմ սովորելու, փորձում եմ ամեն բացթողում կամ թերություն շտկել: Առհասարակ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, անկախ մասնագիտական ոլորտից, միշտ էլ սովորելու եւ զարգանալու տեղ ունի: Երբեմն մտածում եմ, որ շատ բաներ այլ կերպ կարող էի անել, կամ շատ հանգամանքներ այլ կերպ կարող էին դասավորվել, սակայն գոհ եմ այն արդյունքից, որն ունեմ հիմա: 

Ապագա պլանները…

Հայաստանում ծրագրավորման ոլորտի շատ դպրոցներ կան, իսկ Բելգիայում չկան այդպիսի դպրոցներ: Մի փոքր որակի խնդիր կա, սակայն աշխատանքի ընթացքում հնարավոր է ստանալ լավ որակ: Սա այն ոլորտն է, որը զարգացում է ապրում, ու մասնագետները պետք է փորձեն համահունչ քայլել այդ զարգացումների ընթացքի հետ: Դրանից միայն իրենք կշահեն: 

Ապագայում մտածում ենք նաեւ դասընթացների մասին, սակայն այս պահին, կարծում ենք, դեռ պահը չի հասունացել: Իմ համոզմամբ՝ դրանք կլինեն շատ օգտակար, քանի որ փորձի փոխանակման եւ ուսուցողական հարթակները շատ կարեւոր են: 

Հաջողության գրավականը…

Գիտե՞ք, հաջողություն ասվածը մի փոքր հարաբերական է: Դու կունենաս հաջողություն, եթե ձգտես ավելիին, չկանգնես նույն տեղում, լինես աշխատասեր: Ես պարզապես սիրում եմ իմ աշխատանքը ու չեմ պատկերացնում ինձ այլ ոլորտում: Բացի դրանից՝ ես ուզում եմ ցույց տալ ու ապացուցել, որ Հայաստանում այս ոլորտը կարող է զարգանալ, քանի որ Հայաստանում տաղանդավոր երիտասարդներ շատ կան, ովքեր ունեն մեծ ներուժ: