Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-11-2017
Հայ մասնագետները վերապատրաստում են անցել Գերմանիայի եւ Ռումինիայի թանգարաններում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր կայացավ Գերմանիայում եւ Ռումինիայում վերապատրաստում անցած ՀՀ թանգարանների մասնագետների հաշվետվության ներկայացումը:

Թանգարանային կրթության կենտրոնի եւ Ռումինիայի ազգային թանգարանների ցանցի միջեւ 2016 թ. ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թ. մայիսի 17-22-ը Հայաստանի թանգարաններից 2 մասնագետներ գործուղվել են Բուխարեստ, որտեղ նրանք ընդգրկվել են Ռումինիայում կազմակերպված «Համաեվրոպական թանգարանների գիշեր» միջոցառումների կազմակերպման աշխատանքներին: Ռումինիան 2009 թ. «Թանգարանների գիշեր» միջոցառումների կազմակերպման համար ստացել է «Լավագույն փորձ» գնահատականը: 



Թանգարանային կրթության կենտրոնի եւ Գերմանիայի թանգարանների ասոցիացիայի միջեւ 2016 թ. նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի թանգարաններից ընտրված մասնագետների խումբը ս.թ. հուլիսի 4-10-ը վերապատրաստման դասընթաց է անցել Գերմանիայի Դաշնության թանգարաններում: Ուսումնական այցի նպատակն էր թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել գերմանական թանգարաններում ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարան ներգրավելու, մեծահասակների եւ տարեց այցելուների հետ աշխատանքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, կամավորների ներգրավման լավագույն փորձի օրինակները, քննարկել հայկական թանգարանների նման փորձառությունը, կազմել եւ զարգացնել համատեղ նոր նախագծեր։ 

Ուսումնական այցը բաղկացած էր տեսական եւ գործնական պարապմունքներից, մասնավորապես եռօրյա ինտենսիվ դասընթացներ վերոնշյալ թեմաների շրջանակներում, հանձնարարություններ, այցելություններ թանգարաններ, քննարկումներ: Այցի գործնական հատվածը, թանգարանների եւ դասավանդող մասնագետների ընտրությունն իրականացրել եւ համակարգել է Գերմանիայի թանգարանների ասոցիացիան:



ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն իր ելույթում փաստեց, որ մեծ հետաքրքրություն ունի թանգարանների նկատմամբ: «Արդեն երկու տարի է, ինչ ես Երեւանում եմ, սակայն չեմ հասցրել այցելել բոլոր թանգարաններ: Անկեղծ ասած, երբեմն զարմանում եմ, որ այդքան փոքր ֆինանսական միջոցներով թանգարանները զարգացում են ապրում Հայաստանում: Հայաստանն առհասարակ մշակութային երկիր է, որն ունի մշակութային մեծ պաշար, որով կարող է հպարտանալ եւ գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել հայաստանյան թանգարաններ»,-նշեց դեսպանը եւ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքներում: 

Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2014 թ. Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի եւ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության հայաստանյան գրասենյակի (ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալ) ջանքերով հիմնադրվեց Թանգարանային կրթության կենտրոնը, որի նպատակն է մասնագիտական վերապատրաստումների ճանապարհով նպաստել թանգարանային կրթության մասնագետների կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հիմնադրումից ի վեր Թանգարանային կրթության կենտրոնը համագործակցել է բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ամստերդամի թանգարանների հիմնադրամը, Եվրոպական թանգարանների ցանցը, Բրիտանական թանգարանը, Մանչեսթերի պատկերասրահը եւ այլ կազմակերպություններ:



«Ծրագիրն անխոս դրական ազդեցություն կունենա, քանի որ մասնագետները կարողացել են հնարավորինս ուսումնասիրել թանգարանների գործունեությունը: Շեշտը հատկապես դրել ենք հենց երիտասարդ մասնագետների վերապատրաստման վրա, այդպիսով կատարել ենք սերնդափոխություն: Մենք ունենք շատ լավ երիտասարդ մասնագետներ, ովքեր դրսի մասնագետների հետ համագործակցում են եւ կապի մեջ են անգամ ծրագրի ավարտից հետո: Բացի դրանից՝ յուրաքանչյուր մասնագետի համար կարեւոր է փորձի փոխանակումը, որն իրականացվում է»,- նշեց նա եւ հավելեց, որ նմանօրինակ ծրագրերը մեծ ֆինանսների հետ են կապված, եւ դրանց լուծման դեպքում, անխոս, մասնագետները կշարունակեն վերապատրաստումները:

Միջոցառման ընթացքում ծրագրին մասնակցած մասնագետները պրեզենտացիների միջոցով ներկայացրեցին Գերմանիայի եւ Ռումինիայի թանգարանների ծավալած գործունեությունը՝ համեմատականներ անցկացնելով հայաստանյան թանգարանների հետ: