Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 04-11-2017
Հանդիպում-քննարկում՝ նվիրված կերպարվեստին
Նոյեմբերի 2-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ կերպարվեստին նվիրված դասախոսություն-քննարկում, որին ներկա էին տարբեր մասնագիտությունների եւ սերունդների ներկայացուցիչներ՝ դասախոսներ, ուսանողներ, արվեստագետներ, լրագրողներ եւ այլն:

Վաստակաշատ գեղանկարիչ, բեմանկարիչ, ծննդով Ախալցխայից Վիկտոր Հովհաննիսյանը լսարանին ներկայացրեց հայ կերպարվեստի զարգացման փուլերն ու կարկառուն ներկայացուցիչներ Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի եւ Վահրամ Գայֆեճյանի կյանքն ու ստեղծագործական ուղին:

Հանդիպման ընթացքում Վ. Հովհաննիսյանը, անդրադառնալով հայ կերպարվեստի առանձնահատկություններին եւ մասնավորապես արվեստի այդ ճյուղի երեք խոշորագույն ներկայացուցիչներին, ներկայացրեց յուրաքանչյուր նկարչի վրձնի առանձնահատկությունները եւ թողած ժառանգությունը, ինչպես նաեւ նրանց ունեցած դերը հայ կերպարվեստի զարգացման գործում:

Գեղանկարչի կողմից ընդգծվեց, որ այդ երեք վարպետների աշխատանքներն առավելապես արտահայտում են հայ մշակույթի ողջ խորությունն ու մեծությունը, եւ նրանց կտավներում կարելի է գտնել հայոց պատմության արտացոլանքը:

Դասախոսության ավարտին գեղանկարիչը ներկայացրեց նաեւ իր գունային բազմազանությամբ, գրաֆիկական յուրօրինակ ոճով աչքի ընկնող աշխատանքները, որոնց ներշնչման աղբյուրը կրկին Հայաստան աշխարհն է:

Վիկտոր Հովհաննիսյանի նկարազարդումներով են տպագրվել մի շարք գրական գործեր. «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» (Արթուր Կոնան Դոյլ), «Ծաղիկներս մնացին հեռվում» (Բոգդան Վերդյան), «Պատերազմի ծուխը» (Հովհաննես Մելքոնյան), «12 ճանապարհորդություն դարերի խորքը» (Կարեն Մուսաելյան) «Կանաչ կամուրջ» (Սարգիս Խարազյան), ինչպես նաեւ «Նորշեն-Ծղալթբիլա» եւ «Իմ բնօրրան Խաշուտ» գրքերը։ Ունեցել է անհատական եւ մասնակցել հանրապետական ցուցահանդեսներին։