Նյութը՝ ՀԱԱՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից
Լուսանկարները՝ ՀԱԱՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից
Տեղադրվել է 03-11-2017
Միջազգային գիտաժողով՝ ՀԱԱՀ-ում
Նոյեմբերի 2-3-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները 2017 թ.» թեմայով միջազգային գիտաժողովը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության, կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ, համալսարանի  պրոֆեսորադասախոսական կազմը, ագրարային ոլորտի գիտաշխատողներ, ուսանողներ, հյուրեր Ուկրաինայի Պոլտավայի պետական ագրարային ակադեմիայից եւ Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանից: 

Նախքան գիտաժողովի մեկնարկը հյուրերը շրջեցին համալսարանի ճեմասրահում, որտեղ ներկայացված էին Ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դասախոսների եւ ուսանողների համատեղ ջանքերով ստեղծված պարենային նոր արտադրատեսակները՝ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակված պահածոներ ու խմիչքներ, տարատեսակ հավելումներով ու լցոնումներով հացաբուլկեղեն, տավարի մսից ու ձկնամթերքից պատրաստված երշիկեղեն, տարա եւ փաթեթավորման նորամուծական լուծումներ, ինչպես նաեւ ՀԱԱՀ-ի ուսումնափորձագիտական կենտրոններում մշակված կաթնամթերք ու գինիներ:

Գիտաժողովի լիագումար նիստը մեկնարկեց ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանի ողջույնի խոսքով, ով կարեւորեց ՀԱԱՀ-ի կողմից շուրջ 20 տարի անընդմեջ կազմակերպվող միջազգային գիտաժողովների դերը Հայաստանի գյուղատնտեսության եւ ագրարային կրթության ոլորտի հիմնախնդիրներն ուսումնասիրելու եւ դրանց լուծման ուղղությամբ առաջարկներ ներկայացնելու տեսանկյունից: 

Ռեկտորի ելույթից հետո «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ՀԱԱՀ-ի հինգ շրջանավարտի շնորհվեց  միջազգային մագիստրոսի աստիճան: Դիպլոմները շրջանավարտներին հանձնեց Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի միջազգային համագործակցության պատասխանատու, գյուղատնտեսական ֆակուլտետի գիտաշխատող, ՀԱԱՀ շրջանավարտ Արամ Արիստակեսյանը: Ի ուրախություն ծրագրի շրջանավարտների՝  նա նշեց, որ շնորհիվ երկու բուհերի երկարամյա սերտ համագործակցության՝ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանավարտներն այսուհետ կստանան կրկնակի դիպլոմներ՝ ինչպես Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, այնպես էլ Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանից: 

Նիստի ավարտից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին  առանձին մասնագիտական 10 բաժանմունքներում՝ քննարկելով երկրագնդի գլոբալ տաքացումների արդյունքում գյուղատնտեսության վարման նոր մոտեցումներին, մշակաբույսերի մշակման գոտիականության փոփոխություններին, ոռոգման ջրերի նոր համակարգերին, ոռոգման նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, գյուղատնտեսության մեջ բույսերի մշակության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը եւ կիրառմանը, գյուղատնտեսության կայուն զարգացումն ապահովող ծրագրերի իրականացմանը, հումքի եւ մթերքի վերամշակման տեխնոլոգիաների օգտագործմանը, ապահովագրության համակարգի ներդրմանը, վարկավորման նոր մոտեցումների եւ քաղաքականության մշակմանն առնչվող հարցեր: 

Մասնագիտական բաժանմունքների աշխատանքների հիման վրա առաջարկություններ կներկայացվեն Հայաստանի ագրարային ոլորտի համապատասխան կառույցներին: