Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-11-2017
Խաչատրյանական փառատոնի այս տարվա աստղերը
Արդեն մեկ ամիս է՝ իր ընթացքն է շարունակում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը: Հինգերորդ հոբելյանական երաժշտական տոնը, որն այս տարի նվիրված է աշխարհահռչակ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին, ամեն տարի հայ հանդիսատեսին ուրախացնում է՝ յուրահատուկ արտիստների բերելով Հայաստան:

Այս տարին էլ բացառություն չէր. բացառիկ արտիստներ ու բացառիկ համերգներ: Մինչ փառատոնի ավարտը դեռ մեկ ամիս էլ կա, սակայն առաջարկում ենք ծանոթանալ այն բոլոր արտիստների հետ, որոնց փառատոնն այս տարի ներկայացրել կամ էլ ներկայացնելու է հայ ունկնդրին: 

Նշենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այդ տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։


Ջոն Մալկովիչ 

Անկասկած, փառատոնային գագաթնակետը Ջոն Մալկովիչն էր: Մալկովիչը թատրոնի եւ կինոյի ամերիկացի դերասան է, ինչպես նաեւ ռեժիսոր, պրոդյուսեր եւ նորաձեւության դիզայներ: Իր կարիերայի ընթացքում Մալկովիչն ավելի քան 70 դերով է հանդես եկել: Հայաստանյան բեմում արտիստը Երիտասարդական նվագախմբի ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը։ Հոլիվուդի լեգենդը նաեւ անակնկալ էր պատրաստել երեւանյան հանդիսատեսին՝ ներկայացնելով հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից. արտիստը վերջնականապես գերեց հայ երկրպագուների սրտերը: 


Լեւոն Կարապետյան

Դաշնակահարը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: Լեւոն Կարապետյանի նվագացանկը ներառում է Բախի, Բեթհովենի, Չայկովսկու, Շուբերտի, Շոպենի, Ռախմանինովի, Սկրյաբինի, Խաչատրյանի եւ այլոց դաշնամուրային ստեղծագործությունները: Հայաստանյան բեմում արտիստը Երիտասարդական նվագախմբի հետ կատարեց Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտը»: 


Գլորիա Կամպաներ

Քննադատներն ու հանդիսատեսը Վենետիկում ծնված դաշնակահարուհի Գլորիա Կամպաներին համարում են Իտալիայի նոր սերնդի ամենահետաքրքիր երիտասարդ դաշնակահարը: 12 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել բեմում Վենետիկի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Դրան հաջորդել են ավելի քան 20 առաջին մրցանակները դաշնակահարների ազգային եւ միջազգային մրցույթներում: Հայաստանյան բեմում դաշնակահարուհին ներկայացրեց Ռախմանինովի «Դաշնամուրի երկրորդ կոնցերտը»: 


Ալեքսանդր Ռոմանովսկի

Դաշնակահարն իր երեւանյան մենահամերգով պարզապես հիացրեց հանդիսատեսին: Ու թեեւ հայ հանդիսատեսն արդեն իսկ ծանոթ էր Ալեքսանդր Ռոմանովսկուն ու նրա կատարողական վարպետությանը, բայց պետք է նշել, որ մենահամերգով արտիստը մեր երկրում դեռ ելույթ չէր ունեցել: «Բացթողումը» շտկվեց: 


Դեյվիդ Նեբել

Այս արտիստն օրեր անց կժամանի Հայաստան ու մեր երկրում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կկատարի Բեթհովենի «Ջութակի կոնցերտը»: Դեյվիդ Նեբելը 5 տարեկանում սկսել է ջութակ նվագել: Նրա կատարողական տաղանդն ու երաժշտականությունն ի հայտ են եկել շատ ավելի վաղ: «Պատանի ջութակահար՝ խոստումնալից հեռանկարներով». այսպիսին էր «Neue Zürcher Zeitung»-ի նյութի վերնագիրը «Camerata Zürich»-ի հետ Դեյվիդի առաջին մենահամերգի մասին: Նա 9 տարեկան էր եւ կատարեց Վիվալդիի «Տարվա եղանակները»: 


Մարկ Բուշկով
Այս տաղանդավոր ջութակահարն էլ մեր երկրում կկատարի Սիբելիուսի «Ջութակի կոնցերտը»: Բուշկովն իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք միջազգային մրցանակների: Նա հաղթել է հեղինակավոր Հենրի Կոխի անվան ջութակահարների միջազգային մրցույթում, ինչպես նաեւ Լայպցիգում 2010 թ. անցկացված European Young Concert Artists Audition-ում: Նույն տարում նա ստացել է առաջին մրցանակ (ջութակ) Փարիզի CNSM-ի ժյուրիի կողմից: Դրան 2011-ին հաջորդել է հեղինակավոր Ebel մրցանակը:

2012-ին նա դարձավ Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի (Բրյուսել) եզրափակչի մասնակից եւ մրցանակակիր: 


Հայկ Մելիքյան

Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի եւ քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ երեւակայությամբ եւ վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրներում: Խաչատրյանական փառատոնի շրջանակում հանդես է գալու մենահամերգով: 


Վլադիմիր Բայկով

Բաս-բարիտոն Վլադիմիր Բայկովի մասնակցությամբ տեղի կունենա Դմիտրի Շոստակովիչի «Սիմֆոնիա թիվ 13» «Բաբի Յար»-ի հայաստանյան պրեմիերա: Բուշկովը Միրյամ Հելինի անվան (Հելսինկի, 1999 թ.), Մարիա Կալասի անվան (Աթենք, 2001 թ.), Սոնյա թագուհու անվան (Օսլո, 2003 թ.), թագուհի Էլիզաբեթի անվան (Բրյուսել, 2004 թ.) մրցույթների մրցանակակիր է: Վլադիմիր Բայկովի լայն երգացանկը ներառում է բաս-բարիտոնի, դրամատիկ բարիտոնի եւ օպերային դերերգեր: 


Հրաչյա Ավանեսյան 

Իեհուդի Մենուհինի եւ Կառլ Նիլսենի անվան մրցույթների 1-ին մրցանակակիր Հրաչյա Ավանեսյանին համարում են «զգայուն եւ բարձրակարգ երաժիշտ` կատարողական արտահայտիչ նրբերանգով» (Gramophone Magazine), ով իր «կրքով ու զգացմունքայնությամբ կատարում է քաղցրահնչուն երաժշտություն» («Frankfurter Allgemeine»): Հայազգի արտիստը փառատոնի փակման համերգին Երիտասարդական նվագախմբի հետ կկատարի Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: