Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-11-2017
«ՌեԱնիմանիա»-ն հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
«ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի փառատոնը հատեց եզրագիծը: Նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, հայտարարվեցին հաղթող ֆիլմերի անունները:

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» ճանաչվեց Բենժամին Ռենեի եւ Պատրիկ Էմբերի «Մեծ փիս աղվեսն ու այլ պատմություններ»-ը: «Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի» լավագույն կոնցեպտ»` Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակ ստացավ Դորոթա Քոբիելայի եւ Հյու Ուելչմանի «Վան Գոգի կրքերը»: 

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» դարձավ Մաքս Պորտերի եւ Ռու Կուվահաթայի «Բացասական տարածությունը»: «Լավագույն հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմ» ճանաչվեց Նատալյա Բերեզովայայի «Խոզուկ։ Վայրին» կինոնկարը: «Լավագույն ավարտական ֆիլմ» ճանաչվեց Յակով Կռուգովիխի «Քառակուսին»: «Լավագույն երաժշտական հոլովակ» մրցանակին արժանացավ Մարտին Զիվոցկիի «Ձկնորսը»: 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ փառատոնը եզրափակվեց «Էռնեստ եւ Սելեստին» սիրված անիմացիոն ֆիլմի հեղինակներ Բենժամեն Ռեների եւ Պատրիկ Էմբերի նոր՝ «Մեծ փիս աղվեսն ու այլ պատմություններ» ֆրանսիական լիամետրաժ ֆիլմով։ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը «ՌեԱնիմանիա»-ի փակման արարողության ընթացքում նշեց, որ ուրախ է Հայաստանում այդ ֆիլմը ներկայացնելու համար: 

«Ֆրանսիան ու Հայաստանն ունեն անիմացիոն ֆիլմերի բարի ավանդույթներ: Նմանատիպ մասնակցությունը երկու երկրների համագործակցության միջոցներից է: Այս տարի երրորդ անգամ դեսպանատունը կրթաթոշակ կհանձնի լավագույն երկու արվեստագետներին, ովքեր մեկ ամիս Ֆրանսիայում կրթություն կստանան»,- իր ելույթում նշեց դեսպանը: «ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակ շահեցին Շուշան Բարսեղյանը եւ Ելենա Ներսեսյանը: 

«ՌեԱնիմանիա»-ն այս տարի բացվեց աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի մասին պատմող «Վոն Գոգի կրքերը» (Loving Vincent) անիմացիոն ֆիլմով, որը մեծ հաջողություն արձանագրեց Հայաստանում, անգամ ցուցադրվեց մի քանի անգամ: Փառատոնն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը։ Փառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 2200 հայտ, որից շուրջ 200-ը, այդ թվում՝ 6 լիամետրաժ ֆիլմեր, ներառվել էին մրցութային ծրագրերում: 

9-րդ կինոտոնն իր պատվավոր տեղն է գրավել միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոների շարքում եւ վստահ քայլերով առաջ է շարժվում։ 

Պատկերասրահ՝ «ՌեԱնիմանիա»-ն հատեց եզրագիծը