Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-11-2017
Տիգրան Մանսուրյանը եւ Չարենցի ռոյալը
Նոյեմբերի 2-ին Չարենցի տուն-թանգարանում կայացավ «Տիգրան Մանսուրյանը եւ Չարենցի ռոյալը» բարեգործական համերգը: Ներկա էին արվեստագետներ, մշակույթի գործիչներ եւ պարզապես մարդիկ, ովքեր հետաքրքրված են եւ սիրում են Մանսուրյանի եւ Չարենցի արվեստը:


Eritasard.am-ի հետ զրույցում մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշեց, որ Չարենցի ուժը զորավոր է եւ այդ զորավոր ուժն իր հետ է մշտապես. «Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ: Այսօրվա երեկույթին հնչող գործերը շատ տեղերում են հնչել: Ես այս ամբողջ կատարումները Չարենցին եմ հղում: Քաղաքային պատմության հետքերում Չարենցի, Իսահակյանի եւ այլոց ոտնահետքերն են: Չարենցը մշտապես ինձ հետ է»:



Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող Թագուհի Ղազարյանը մի շարք մանրամասներ ներկայացրեց նախաձեռնության մասին: Նրա խոսքով՝ երեկույթը կազմակերպվել է թանգարանի որոշմամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառումը կրում է բարեգործական բնույթ: Հասույթի մի մասը տրամադրվելու է «Նվիրի՛ր կյանք» հիմնադրամին՝ երեխաների բուժման համար, իսկ մյուս մասը՝ ռոյալի վերանորոգման համար: 



«Այդ ռոյալը Չարենցինն է, ունի երկար տարիների պատմություն: Որոշ չափով փորձել ենք վերականգնել, սակայն դրա համար մեծ ծախսեր են անհրաժեշտ»,- նշեց Թագուհի Ղազարյանը:



Համերգի գաղափարի մասին խոսելիս նա փաստեց, որ Տիգրան Մանսուրյանը թանգարանի վաղեմի բարեկամներից է, բացի դրանից՝ Չարենցի ստեղծագործությունների մեծ սիրահար: Տիգրան Մանսուրյանը մեծ սիրով համաձայնել է մասնակցել այս նախաձեռնությանը. «Համերգին ներկա գտնվելու արձագանքները շատ էին ու հենց երիտասարդների շրջանում: Երիտասարդները սիրում են ե՛ւ Մանսուրյանի, ե՛ւ Չարենցի աշխատանքները: Դա, իհարկե, շատ ուրախալի փաստ է»: 



Երեկոյի ընթացքում հնչեցին՝ 
1. Ճապոնական թանկաներ, խոսք՝ Չարենցի
«Սանկտուս» վոկալ անսամբլ, ղեկավար՝ Ռադիկ Մելիքյան



2. «Գարնան երկու երգ», խոսք՝ Ավ. Իսահակյանի
Հենրիետա Հարությունյան - սոպրանո
Լուսինե Հակոբյան - դաշնամուր



3.Երկու հայրեն, խոսք՝ Նահապետ Քուչակի
Յանա Դարյան - ալտ
Տիգրան Մանսուրյան - դաշնամուր



4. «Գիշերերգ», խոսք՝ Ավ. Իսահակյանի
Քրիստինե Սահակյան - մեցո սոպրանո
Յանա Դարյան - ալտ
Լուսինե Հակոբյան - դաշնամուր



5. Երկու երգ, խոսք՝ Ավ. Իսահակյանի
«Սանկտուս» վոկալ անսամբլ, ղեկավար՝ Ռադիկ Մելիքյան




6. Երկու երգ, խոսք՝ Չարենցի
Հենրիետա Հարությունյան - սոպրանո
Լուսինե Հակոբյան-դաշնամուր