Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-11-2017
«Էմերսոն» լարային քառյակ. 9 «Գրեմմի»-ն ու կամերային երաժշտության լավագույն ավանդույթները
…«Էմերսոն» լարային քառյակը մեր օրերի լավագույն կամերային կոլեկտիվն է: ©Fortune

Նոյեմբերի 11-ին «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգա 9 անգամ «Գրեմմի» ստացած «Էմերսոն» լարային քառյակը: Նյու Յորքում հիմնադրված խումբը շուրջ հինգ տասնամյակ համարվում է կատարելության խորհրդանիշ եւ կամերային երաժշտության լավագույն մեկնաբանող: Սա «Էմերսոն»-ի  առաջին այցն է այս տարածաշրջան: Մինչ համերգը առաջարկում ենք ավելի մոտիկից ծանոթանալ կոլեկտիվի հետ: 

«Էմերսոն». հաջողության ճանապարհ

Յուջին Դրաքեր, Ֆիլիպ Սեթզեր՝ ջութակներ, Լորենս Դյութոն՝ ալտ, Փոլ Ուոթքինս՝ թավջութակ: Դասական երաժշտության լավագույն կոլեկտիվներից մեկի կազմն է: 

1976 թ. հիմնադրված քառյակը կրում է ամերիկացի փիլիսոփա եւ բանաստեղծ Ռալֆ Ուալդո Էմերսոնի անունը: 

«Էմերսոն» լարային քառյակը տարբերվում է մյուս լարային քառյակներից: 1987-ից այն առավել քան 30 հաջողված ձայնագրություն է կատարել «Deutsche Grammophon» ստուդիայում, 9 անգամ ստացել է հեղինակավոր «Գրեմմի», 3 անգամ՝ «Gramophone» եւ այլ մրցանակներ: Հանդես է եկել երաժշտական մայրաքաղաքների հեղինակավոր բեմերում: 

Ֆրանսիա, Ռուսաստան, Մեքսիկա, Նորվեգիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Շվեյցարիա. երկրների ոչ ամբողջական ցանկն է, որտեղ ելույթ է ունեցել այդ կոլեկտիվը: 

Դվորժակից մինչեւ Բրամս, Չայկովսկուց՝ Մոցարտ, Պրոկոֆեւ, Շուբերտ. քառյակն ապշեցնում է կատարողական բարձր վարպետությամբ ու յուրահատուկ նրբերանգներով: Երաժիշտները հանդես են եկել նաեւ վարպետության դասերով՝ իրենց փորձը փոխանցելով սկսնակ ու պրոֆեսիոնալ երաժիշտներին: 

Հայդն, Վեբերն, Բարտոկ, Բեթհովեն. հենց այս կոմպոզիտորների ստեղծագործություններն են հնչելու քառյակի հայաստանյան համերգին: 

«...երբ կան այսպիսի երաժիշտներ, հույս է առաջանում մարդկության ապագայի համար»,- գրել է «The Times»-ը: