Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 01-11-2017
Տավիղ, սոպրանո եւ մեցո-սոպրանո` Հայաստանում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 1-ին անցկացվեց բացառիկ համերգ։ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոն՝ Բրիթ Արենդ (սոպրանո), Կլարա Ղիգո (մեցո-սոպրանո), Գիլլիան Ցամմիթ (տավիղ)։

Յուրահատուկ համերգային երեկոյի ընթացքում տրիոն ներկայացրեց Վինչենցո Բելլինիի, Գաբրիել Ֆորեի, Ռեյնալդո Հանի, Կլոդ Դեբյուսիի, Ջոակինո Ռոսինիի եւ այլ հեղինակների ստեղծագործություններից։ Ի դեպ, հայաստանյան ունկնդիրն առաջին անգամ էր վայելում կանացի ձայների ու տավղի նմանատիպ համադրություն: 

Մեցո-սոպրանո Կլարա Ղիգոն լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ տրիոն շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար: Երաժիշտները վստահ են՝ մարդիկ Հայաստանում շատ ընկերասեր են, ջերմ։ «Կյանքով լի քաղաք է Երեւանը։ Արեւոտ երկիր ունեք, ճիշտ է, թեեւ մի փոքր անձրեւեց, սակայն ամեն ինչ շատ ջերմ է։ Ձեզ մոտ սիրում են մշակույթը, երաժշտությունը»,-նշում է արտիստը: 

Կլարա Ղիգոն հավելում է, որ հատուկ իրենց կազմի համար գրված ստեղծագործություններ չկան, այն գործերը, որ կատարում են, հիմնականում փոխադրումներ են։

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի յուրօրինակ տրիոյի երաժիշտները փորձառու են եւ մեծ պահանջարկ են վայելում: Տրիոյի առաջին ալբոմը՝ «Aprile»-ը, լույս է տեսել 2015 թ., արժանացել ջերմ ընդունելության: Տրիոն մասնակցել է Malta Showcase 2016-ին, իսկ վերջերս մեծ հաջողությամբ հանդես է եկել Ֆրանկֆուրտի «Alte Oper»-ում: Տրիոն Փարիզի եւ Բեռլինի հեղինակավոր բեմերում 2017-ի հունվարին հանդես է եկել շրջագայությամբ: 

Նշենք, որ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որն այն կյանքի է կոչում ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։