Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 30-10-2017
Քյոսայան ջազ-քառյակն անմոռանալի տոն նվիրեց Երեւանին
Հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ կոմպոզիտոր, ջազային դաշնակահար եւ երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը:

Այս տարի երաժիշտը նշում է իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը, իսկ «Գարի Քյոսայան ջազ-քառյակի» հետ հայաստանյան համերգը տասներորդն էր:

Գարի Քյոսայանի հոբելյանական համերգի հատուկ հյուրերն էին ամերիկացի հայտնի ջազմեններ, «Գարի Քյոսայան» ջազ քառյակի անդամներ Լուիս վան Թեյլորը (սաքսոֆոն), Կարլ Վինսենտը (կոնտրաբաս), Դոնզել Դեւիսը (հարվածային գործիքներ), իսկ Հայաստանից նրանց միացան Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը: Գարի Քյոսայանը բարձր է գնահատում այս արտիստներին, որոնց հետ տարիներ շարունակ համագործակցել են, որոնք իր կողքին են եւ իրենց ելույթներով հարստացնում են համերգային ծրագիրը:

Համերգի ընթացքում ամերիկացի հայտնի ջազ երաժիշտները, ովքեր սովորաբար կատարում են համաշխարհային ճանաչում ունեցող ջազ ստանդարտներ ու նորագույն ստեղծագործություններ, հատկապես երեւանյան համերգում նվագել են հայ կոմպոզիտոր Գարի Քյոսայանի գործերը, ինչը մեծ բավականություն պատճառեց հայ հանդիսատեսին եւ նոր բացահայտում էր շատերի համար: Երաժիշտները մեծարանքի շռայլ խոսքերով ներկայացրեցին մեծարգո Գարի Քյոսայանի ստեղծագործությունների մասին: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ, ձեւեր եւ նորարակական մեթոդներ: Կոմպոզիտորի երաժշտությունն ունկնդրին ուղեկցում է դեպի գեղեցկությունը եւ բոլոր ժամանակներում արդիական է: Հնչեցին Գարի Քյոսայանի ստեղծագործություններից պրեմիերա. «Արմենիա»-ն: Ընդհանուր առմամբ՝ երկու բաժնով ընթացող հրաշալի համերգում ներկայացված 20 ստեղծագործություններից 15-ը մաեստրո Գարի Քյոսայանի հեղինակայիններն էին:

Լեւոն Իվանյանը համերգների ժամանակ ներկայացրեց ջազ – մնջախաղ: Երբ Լեւոն Իվանյանը բեմ բարձրացավ, շատերին առաջին պահերին թվաց, թե հանդիսատեսի բավականության պոռթկում է, սակայն վայրկյաններ անց բոլորն ակնդիր հետեւում էին նրա մնջախաղին:

Համերգը հրաշալի էր պարզապես, հանդիսատեսը ոգեւորված ու բոլորի շուրթերին իրական տոնը վայելելու բերկրանքն էր: Նման համերգների հաճախակի մասնակիցը չի լինում հայաստանյան հանրությունն ու նման բերկրանքներն են, որ իրական մշակույթի հետ հաղորդակցության առիթներ, իրական տոն են նվիրում: Իսկ հանդիսատեսի մեջ էին հանրապետության շատ երեւելի մտավորականներ՝ կինոյի եւ թատրոնի ռեժիսորներ, երաժիշտներ ու երաժշտագետներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, մեր մտավորականության էլիտան: Եվ այս ամենն՝ իհարկե, Գարի Քյոսայան՝ հայկական ջազի երևելու տաղանդի ու վարպետության շնորհիվ ...

Վերջում ունկնդիրը «պահանջեց» լրացուցիչ համարներ: Հատկապես հուզիչ ու տպավորող էր բոլոր երաժիշտների հրաժեշտի եւ փոխադարձ շնորհակալությունների, հույզերի պահին Գարի Քյոսայանի կատարմամբ դաշնամուրային մենանվագը, որը «Մայրություն» է կոչվում՝ կարճ էտյուդի տեսքով: Այնուհետեւ «պահանջված» լրացուցիչ համարներից մեկում ներկայացրեցին նոր ստեղծագործության պրեմիերա՝ նվիրված ապրիլի 30-ին՝ Ջազի համաշխարհային օրվան. «Time of my dream», որում երեք երգչուհիները համատեղ հրաշալի ելույթով հանդես եկան: