Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-11-2017
Հելոուին. նշե՞լ, թե՞ չնշել
Ամենատարբեր՝ մասնավորապես սարսափ ֆիլմերի հերոսներ, կմախքներ, զոմբիներ ու վամպիրներ. հոկտեմբերի 31-ը՝ Հելոուինը մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհում: Այդ օրը հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս տարաբնույթ կերպարներով, զվարճանում՝ մեկը մյուսին սարսափեցնելով, կազմակերպում լավագույն կերպարի մրցույթներ, տարբեր խաղեր…

Հոկտեմբերի 31-ին ընդառաջ Հայաստանում խոսակցությունների գլխավոր թեման դառնում է Հելոուին տոնը: Մասնավորապես թե՛ համացանցային տիրույթում եւ թե՛ համացանցից դուրս քննարկվում է հետեւյալ հարցը՝  նշե՞լ տոնը Հայաստանում, թե՞ չնշել: Զերծ մնալով խորհուրդներից ու գնահատականներից՝  ներկայացնում ենք տեղեկություններ տոնի մասին: Իսկ նշե՞լ, թե՞ չնշել տոնը՝ յուրաքանչյուրի որոշելիքն է:

Հելոուին. տոնի ծագումը 

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոնի հիմքում Իռլանդիայի եւ Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։ Տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինը ավանդաբար տոնում են անգլախոս երկրներում, սակայն այն պաշտոնական հանգստյան օր չէ։

20-րդ դարի վերջում գլոբալիզացման հետեւանքով Հելոուինը սկսել են տոնել նաեւ ոչ անգլախոս եվրոպական եւ ԱՊՀ այլ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք մշակութային սերտ կապեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում։ Հայաստանը եւս զերծ չի մնացել տոնի ազդեցությունից: 

Նշենք, որ տոնի հիմնական խորհուրդը չար ուժերին վանելն է: 

Տոնի գլխավոր խորհրդանիշը 

Տոնի գլխավոր խորհրդանիշը, այսպես կոչված, Ջեքի լապտերն է։ Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միեւնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Առաջին անգամ «Ջեքի լապտերը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում, բայց սկզբնական շրջանում պատրաստման համար օգտագործվել է շաղգամ կամ ճակնդեղ: Համարվում էր, որ բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենները վանում են չար ուժերին: 

«Ջեքի լապտերն» իր ժամանակակից տեսքն ստացել է 1837 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ այն ստացել է իր անվանումը: 1866 թվականին այն արդեն ասոցացվում էր Հելոուինի հետ: 

Հելոինյան հանդերձանք 

Դիմակահանդեսային հանդերձանքներով զգեստավորումը տոնի՝ համեմատաբար վերջերս առաջացած մասնիկն է։ Առաջին անգամ որպես լիարժեք սովորույթ այն հաստատվել է 20-րդ դարի սկզբին: Առաջին անգամ Հելոուինին դիմակահանդեսային զգեստներ 1895 թվականին կրել են Շոտլանդիայում: 

Հելոուինի համար նախատեսված հանդերձանքները, ինչպես կարգն է, սկսում են վաճառել տոնից ամիսներ առաջ. արտասահմանում նման հանդերձանքների համար հսկայական գումարներ են ծախսվում: 

Հելոինյան քաղցրավենիք

Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն ընդունված երեւույթ է, այն հատկապես բնորոշ է երեխաներին։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ՝ հարցնելով՝ «Trick or treat?» («Խորամանկությո՞ւն, թե՞ հյուրասիրություն»)։

Պատկերասրահ՝ Halloween-ը Երևանում