Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-11-2017
Ալեքսանդր Ռոմանովսկին Հայաստան վերադարձավ մենահամերգով
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում hոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մենահամերգով հանդես եկավ աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին։

Խաչատրյանի փառատոնի ռեզիդենտ մենակատարն իր համերգային երեկոյի ընթացքում ներկայացրեց Ռոբերտ Շումանի եւ  Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։ Թեեւ արտիստը բազմիցս ելույթ է ունեցել մեր երկրում, սակայն պետք է նշել, որ մենահամերգով Ռոմանովսկին հանդես էր գալիս առաջին անգամ: 

Երաժիշտը փաստում է՝ Հայաստանում ելույթ ունենալը հիասքանչ է: Նա ընդգծում է, որ մեր երկրում բազմիցս ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, սակայն դա նրա առաջին մենահամերգն է այստեղ: 

«Կարծում եմ, որ ես բավականին երջանիկ մարդ եմ, քանի որ իմ կյանքն այնպես է դասավորվել, որ ինձ շատերն են աջակցել: Ես հանդիպեցի իմ ուսուցչին, ինչը նույնպես կարեւոր է: Իմ կյանքի զարգացման ընթացքում ինձ հանդիպել են մարդիկ, որ չէի էլ մտածի, որ երբեւէ կհանդիպեմ նրանց, օրինակ՝ Սպիվակովին կամ էլ մեր հայաստանյան ընկերներին, Սերգեյ Սմբատյանին: Հաջողության գաղտնիքը գործը շատ լավ ու ազնիվ անելն է»,-լրագրողների հետ զրույցում նշեց դաշնակահարը: 

Ի դեպ, երեւանյան հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց նրա ելույթները եւ Ռոմանովսկուն բաց չթողեց առանց բիսի: 

1984 թ.-ին Ուկրաինայում ծնված Ալեքսանդր Ռոմանովսկին Լեոնիդ Մարգարիուսի ղեկավարությամբ սովորել է Իմոլա դաշնամուրային ակադեմիայում, ինչպես նաեւ Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում` Դմիտրի Ալեքսեւի դասարանում: Բոլորովին վերջերս որպես մենակատար Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ հանդես է եկել Մարինյան թատրոնում՝ նույն թատրոնի նվագախմբի հետ (Ռուսաստան), Ջեյմս Քոլնոնի ղեկավարությամբ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ «Ռավինիա» փառատոնի շրջանակում (ԱՄՆ), Ալան Գիլբերթի ղեկավարությամբ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (ԱՄՆ), ինչպես նաեւ Լոնդոնի Բարբիքան կենտրոնում՝ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ Սանտա Չեչիլիայի ազգային նվագախմբի եւ Ջանանդրեա Նոզեդայի ղեկավարությամբ NHK սիմֆոնիկ նվագախմբի հետ:

17 տարեկանում արժանացել է Բուզոնիի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակին (Իտալիա): 2007 թ.-ից «Decca» ձայնագրման ապրանքանիշի ներքո թողարկել է քննադատների շրջանակներում ընդունելության արժանացած 4 ձայնասկավառակ՝ Բեթհովենի, Շումանի, Բրամսի եւ Ռախմանինովի ստեղծագործություններով: 

Դաշնակահարի առաջիկա ծրագրերը ներառում են նրա մենահամերգները Մադրիդի Auditorio Nacional de Música-ում, Պորտուի Casa da Música-ում, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, ինչպես նաեւ համագործակցությունը Բիրմինգհեմի, Իսլանդիայի եւ  Ստավանգերի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: 

2013 թ.-ից Ալեքսանդր Ռոմանովսկին հանդիսանում է Մոսկվայի Վլադիմիր Կրայնեւի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։ Երաժշտական այդ տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Պատկերասրահ՝ Ալեքսանդր Ռոմանովսկու մենահամերգը Հայաստանում