Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 31-10-2017
«Լույս» հիմնադրամ. Հայկական աշխարհի զարգացման շարժիչ ուժ, ռազմավարական նոր մոտեցումներ
Այսօր կայացավ «Լույս» հիմնադրամի Կրթաթոշակի ծրագրի ռազմավարական ծրագրերի փոփոխությունների ներկայացման միջոցառումը:



«Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին: Հիմնադրամի առաքելության հիմքում դրվել է Հայաստանի զարգացման ապահովումը համաշխարհային գիտելիքահենք տնտեսության պայմաններում: 8 տարվա գործունեության ընթացքում «Լույս»-ն իրագործել է իր առաքելությունը կրթական ու զարգացման բազմաթիվ ծրագրերի միջոցով: Այսօր այն ունի 500-ից ավելի կրթաթոշակառուների եւ շրջանավարտների համայնք աշխարհի տարբեր անկյուններից: 



2017 թվականի հուլիսին՝ «Լույս»-ի համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը նշեց, որ հիմնադրամի աշխատանքներում ռազմավարական փոփոխություններ կատարելու ժամանակն է: Հայտարարությանը հաջորդած ամիսների ընթացքում «Լույս»-ը կատարել է իր գործառույթների խոր ուսումնասիրություն: Արված վերլուծության հիման վրա հիմնադրամի գիտական խորհուրդը կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ ընդունելու որոշում է կայացրել: Ռազմավարական այդ նոր մոտեցումը թույլ կտա ավելի նպատակաուղղված ծառայել Հայաստանի եւ ողջ հայկական աշխարհի զարգացմանը: 



«Լույս»-ի շրջանավարտները միջոցառմանը պատմեցին իրենց ձեռքբերումների, իրագործած ծրագրերի մասին: Ներկայացվեցին նաեւ Կրթաթոշակի ծրագրի նոր դրույթները:



«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարասալանյանը, ներկայացնելով հիմնադրամի կատարած աշխատանքներն այդ տարիների ընթացքում, նշեց, որ կարեւոր է հասկանալ առաքելությունը, դրա տեսլականն ու իրականացումը: 



«Մենք մշտապես խոսում ենք կրթաթոշակների մասին, բայց՝ ոչ երբեք տեսլականի: Ամենակարեւոր ուժը մտավոր ուժն է: Չնայած Հայաստանը փոքր երկիր է, սակայն ստեղծագործ ուժը Հայաստանում շատ ակնառու է: «Լույս»-ն իրականում հզոր խորհրդանիշ է: Հայաստանը վերապրումից անցում է կատարում դեպի զարգացում, նոր զարգացման փուլ, նոր ոգեւորիչ փուլ: «Լույս»-ի գաղափարն է ստեղծել մտավոր մեծ ուժ: Հայաստանը պետք է կապել աշխարհի հետ, որպեսզի այն զարգանա այլ երկրներին համահունչ: Սովորել, գործել, համաստեղծել. ահա սա է կարեւորը»,- ասաց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրենը եւ հավելեց, որ իրականությունն ունի մեծ մարտահրավերներ: 



Նրա խոսքով՝ մեծ ձեռքբերում է այն, որ առաջին տարում ունեցել են 40 ուսանող, իսկ այսօր՝ 517: Նրանք շարժիչ ուժ են, եւ նրանց շնորհիվ Հայաստանը հզորանում է:



«Լույս» հիմնադրամի գործառնությունների ղեկավար Գայանե Ղումաշյանն էլ ամփոփ ներկայացրեց հիմնադրամի կատարած աշխատանքներն ու ներկայումս իրականացվող նախագծերը. «Մենք մեր գործունեության ընթացքում ձեւավորել ենք այնպիսի հարթակներ, որոնք երիտասարդներին ինքնադրսեւորվելու հնարավորություն են տվել, որտեղ նրանք կարողացել են կիսվել իրենց փորձով, հմտություններով եւ իհարկե խորացրել իրենց իսկ կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները»:



«Study of Success» կրթական կենտրոնի հիմնադիր Դիանա Նազարյանն իր փորձից փաստեց, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քայլ անել. «Գիտե՞ք, երբ որոշակի ճանապարհ ես անցնում, այդ ընթացքում կարծում ես, որ կան գործոններ, որոնք կարեւոր չեն, իսկ որոշ գործոններ՝ կարեւոր, բայց ընթացքում հասկանում ես, որ ամեն բան հակառակն է ստացվում: Ես նաեւ հասկացա, որ միայն ակադեմիական գիտելիքը բավական չէ, կարեւոր են նաեւ հռետորական պահվածքն ու շփման կարողությունը»:



Վաշինգթոնի վերաքննիչ դատարանի հաշտարար, իրավաբան Մուշեղ Մանուկյանն աջակցում է հաշտարարության եւ արբիտրաժի կայացմանը Հայաստանում, ինչպես նաեւ ներկայումս հայրենիքում հիմնում է իր ընկերությունը: «Պարզապես պետք է հասկանալ, որ եթե կա հաշտության հնարավորություն, ապա առանց վարանելու համաձայնե՛ք, իսկ մեր հաշտարարների համար կարեւոր եւ հաճելի է դատավորին հնչեցնել՝ «Կողմերը հաշտվել են» խոսքերը»,- ասաց Մուշեղ Մանուկյանը:



ՀՀ ԿԳ նախարարի օգնական Մարթա Սանդոյանը, «Հայաստանի զարգացման հիմնադրամ» ծրագրերի ղեկավար Մանե Ադամյանը եւս ներկայացրեցին իրենց ներկայիս ծավալած գործունեությունն ու ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնեցին «Լույս» հիմնադրամին: